Ամուսինը հետ է պահանջում իր երիկամը

Երբ բժիշկ Բատիստայի կնոջը երիկամների փոխպատվաստում էր անհրաժեշտ, նա տվեց իր երիկամներից մեկը: Այժմ, Բատիստան ցանկանում է ամուսնալուծվել, և իր կնոջից հետ է պահանջում կամ իր երիկամը՝ որպես իրեն պատկանող գույքի մի մաս, կամ այդ երիկամին համարժեք գումարը, որը կազմում է 1.5 միլլիոն ԱՄՆ դոլար: Ի դեպ, 49-ամյա բժիշկն ամուսնացել է 14 տարի առաջ և ունի երեք երեխա: Կնոջը երկու չհաջողված փոխպատվաստումներից հետո միայն բժիշկը նվիրել է իր երիկամը: Գործը եղել է Նյու Յորքի Գերագույն դատարանում:

 

Բժշկական էթիկայի հանձնաժողովը գտել է, որ հնարավոր չէ, ավելին, անհնարին է վերադարձնել երիկամը կամ էլ դրա դիմաց գումարը: Նախ և առաջ օրգանի փոխանակումը ինչ-որ արժեքի դիմաց անօրինական է: ԱՄՆ-ում օրգանները չեն կարող գնել կամ վաճառել: Օրգան նվիրաբերելը պարգև է և, իրավական տեսանկյունից, որևէ նվեր չես կարող հետ ստանալ: Ներկայումս այն կնոջ երիկամն է հանդիսանում և դրա «հետ վերցնելը» կնշանակի դատապարտել կնոջը կամ դիալիզի, կամ էլ՝ մահվան: Բացի այդ, դրամական փոխհատուցման պահանջը ևս անհիմն է, քանի որ չի կարելի պահանջել այն նվերի գումարը, որի համար զղջում եք: Ընդ որում, ոչ մի հեղինակավոր վիրաբույժ չի գնա նման անհավանական վիրահատության, և դատարանն էլ չի կարող հարկադրել մարդուն վիրահատվել: Արդյունքում դատարանը մերժել է բժիշկ Բատիստայի պահանջը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել