Գագիկ Հարությունյանը չի բացառում Հայաստանում կոռուպցիոն գործեր քննող դատարանի ստեղծումը: Այս մասին ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ես Վենտիկի հանձնաժողովի անդամ եմ և եղել եմ, երբ հանձնաժողովում քննարկվում էր Ուկրաինայի օրենքը՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին: Ծանոթ եմ օրենքին, լուծումներին: Դրա վերաբերյալ կային տարբեր մոտեցումներ և ես այնտեղ, որպես հանձնաժողովի անդամ, կողմ եմ եղել նման դատարանի ստեղծմանը»,-նշեց նա:
Գագիկ Հարությունյանի խոսքով, հարցեր կան, որոնց լուծումը ժամանակի ընթացքում պետք է արագացվեն, իսկ եթե գործող մեխանիզմներն այդ հնարավորությունները չեն տալիս, ապա գործող մեխանիզմները պետք է փոխվեն: Նա որպես օրինակ նշեց, որ Հայաստանում մինչ այս 3 դատավոր ձերբակալվեն են կոռուպցիոն մեղադրանքով:
«Նրանց խափանման միջոցն ընտրվել է կալանքը, հետագայում խափանման միջոցն ընտրվել է գրավը կամ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Այսօր այդ դատավորների նկատմամբ դեռևս բուն դատավարական գործընթացը չի սկսվել: Այդ դատավորները տանը նստած, ինչպես ասում են՝ ոտքը ոտքին գցած, ստանում են դատավորի աշխատավարձը, երբ այդ դատարաններում գրեթե պայթյունային իրավիճակ է: Եթե առաջին ատյանում սկսվի բուն քննությունը, հետո կգնա վերաքննիչ, հետո՝ վճռաբեկ, հետո՝ վերադառնա վերաքննիչ, հետո էլի առաջին ատյան, որովհետև նաև իրենք չունեն որևէ շահագրգռվածություն, որպեսզի արագ ավարտվի այսպիսի գործերի քննությունը»,-ասաց ԲԴԽ նախագահը:
Նա նաև նշեց, որ հարց է բարձրացրել, թե ինչու՞ կոռուպցիայի համար մեղադրվող դատավորը, որի լիազորությունները կասեցված են՝ դատավորի աշխատավարձ պետք է ստանա:
Ալիսա Չիլինգարյան