Ինչպե՞ս է պայմանագրային զինծառայողի հետ կնքվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող Օրենքի 31-րդ ոդվածի համաձայն, Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) պետական լիազոր մարմնի և քաղաքացու (զինծառայողի) միջև կնքվող գրավոր համաձայնություն է՝ սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Պայմանագրի օրինակների վրա դրվում է պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիք: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից:

Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է զինծառայողին:

Պայմանագրերը կարող են լինել առաջին կամ հերթական կամ նոր։ Առաջին պայմանագիր է համարվում առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող քաղաքացու (զինծառայողի) հետ կնքվող պայմանագիրը։ Հերթական պայմանագիր է համարվում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում կնքվող պայմանագիրը։ Նոր պայմանագիր է համարվում նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել