Եթե դատավորն ինքն է ուզում, որ իր վրա «ազդեցություն գործադրվի», այստեղ որտե՞ղ եք տեսնում կամ տեսնո՞ւմ եք արդյոք, որ դատական իշխանության ներկայացուցչի վրա ազդեցություն է գործադրվում. դատավորը՝ փաստաբանին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 18-ին, դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու և նրան որպես տուժող ճանաչելու վերաբերյալ բողոքը:

Հիշեցնենք, որ գործով քննիչ Կամո Սահակյանը նշել էր, որ քրեական գործի նախաքննության փուլում դեռևս ոչ մի փաստական տվյալ ձեռք չի բերվել դատարանի գործունեությանը միջամտելու և Քոչարյանի կալանավորման որոշումը այդ միջամտության արդյունքում կայացված լինելու վերաբերյալ և նրան տուժող ճանաչելու հիմքերը բացակայում են:

Առաջին ատյանի դատարանը նույնպես մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խոդոյանի նույնաբովանդակ բողոքը՝ պատճառաբանելով, որ քրեական գործի քննության տվյալ փուլում դեռևս ձեռք չեն բերվել բավարար տվյալներ ՀՀ 2-րդ նախագահին բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառելու հանգամանքը հաստատված համարելու վերաբերյալ, որով պայմանավորված կարելի էր նրան տուժողի դատավարական կարգավիճակ տալ:

Որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Բողոքի ներկայացման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Հատուկ քննչական ծառայության պետը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազդեցություն են ունեցել դատարանի վրա:

Փաստաբանի խոսքով, ազդեցությունը դրսևորվել է 2-րդ նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ընթացքում, ԱԱԾ տնօրենի կողմից խափանման միջոցի քննության ելքը թելադրված լինելու հանգամանքով: Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գաղտնալսված հեռախոսազրույցի տվյալ հատվածն է հարուցում կասկած.

«…Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա, Հրաչ ա անու՞նը․․․ Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով։ Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ․․․ Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

«Արթուր Վանեցյանի խոսքի վերլուծությունից հետևում է, որ դատավորը կալանքի որոշման հիմքերի լրացուցիչ ուսումնասիրման կարիք է զգացել, ինչին ի պատասխան, Վանեցյանը ,նշելով, որ դատավորը «ուզի-չուզի կալանքը պտի տա» միջամտել է դատարանի գործունեությանը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Վանեցյանի խոսքից կարելի է ենթադրել, որ եթե դատավորը ուսումնասիրելով կալանքի հիմքերը հանգեր հետևության, որ դրանք բավարար չեն կամ առհասարակ չկան և չցանկանար կալանքի որոշում կայացնել, ապա անգամ այդ պարագայում պետք է կայացներ կալանավորման որոշում, քանի որ այդպիսին է եղել ԱԱԾ տնօրենի ցուցումը՝ «կալանքը ուզես-չուզես պտի տաս»»,-նշեց Խուդոյանը։

«Գաղտնալսման հրապարակման նույն օրն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սխալ ինֆորմացիա չի տվել և դա անհերքելի փաստ է: Նույն  ասուլիսի ընթացքում թե՛ պարոն Վանեցյանը, թե՛ պարոն Խաչատրյանը ընդունել են, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել, այսինքն, իրենց մասնակցությամբ է և նրանք քննարկել են այդ հանգամանքները… Եթե նույնիսկ հեռախոսազանգը տեղի չի ունեցել ԱԱԾ տնօրենի նախաձեռնությամբ կամ տեղի չի ունցել անմիջապես Վաչե Մարգարյանի հետ, միևնույնն է,  ձայնագրությունից և պաշտոնատար անձանց հայտարարություններից ողջամիտ կասկած է առաջանում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կայացնելիս դատավորը չի գործել իր ներքին համոզմունքով, այլ ստացել է ցուցում Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանավորելու վերաբերյալ»,-նշեց նա:

Փաստաբանը նշեց, որ Ռ. Քոչարյանին տուժող ճանաչելու իրենց միջնորդությանը քննիչը պատասխանել է, թե նախաքննության ներկա փուլում որևէ փաստական տվյալ չկա դատարանի գործունեությանը միջամտելու  և 2-րդ նախագահի կալանավորման որոշումը այդ միջամտության արդյունքում կայացված լինելու վերաբերյալ, ուստի նման պայմաններում նրան տուժող ճանաչելու հիմքերը բացակայում են:

«Նույնիսկ եթե չի հաստատվել միջամտության արդյունքում է կայացվել դատական համապատասխան ակտը, դեռևս չի նշանակում, որ այդ միջամտությունը չի եղել և դա չի նշանակում, որ այդ միջամտությամբ չէր կարող վնաս պատճառվել: Հանցափորձի հանգամանքը չի բացառվում»,-նշեց ներկայացուցիչը:

Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը այսպիսի հարց ուղղեց Հովհաննես Խուդոյանին. «Եթե դատավորն է զանգում որևէ մեկին ու ասում՝ չգիտեմ ոնց անեմ, իսկ մյուսն էլ ասում է՝ սենց արա, այստեղ որտե՞ղ եք տեսնում կամ տեսնո՞ւմ եք արդյոք, որ դատական իշխանության ներկայացուցչի վրա ազդեցություն է գործադրվում, երբ որ դատական իշխանության ներկայացուցիչը ինքն է ուզում, որ իր վրա «ազդեցություն գործադրվի»»:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրավունքի էությունը պահանջում է, որ երբ դատավորը կոնկրետ գործով զանգում է խորհուրդ կամ հանձնարարություն է հարցնում մի անձից, ով այդ լիազորությունը չունի, այդ անձը պարզապես պետք է մերժի. «Դատավորը պետք է որոշում կայացնի իր ներքին համոզման, իր խղճի և օրենքներին համապատասխան: Այս պարագայում ԱԱԾ տնօրենը, եթե հաստատվի այդ փաստը, իրավունք չունի դատարանին ասել՝ «ուզես-չուզես կալանքը պետք է տաս»»:

Գործով դատախազը իր ելույթում նշեց, կարծում է՝ վարույթը ենթակա է մերժման:

«Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահման գործով և մինչև օրս որևէ փաստական տվյալ դեռևս չի ստացվել, որ այդ առերևույթ հանցագործությամբ վնաս է պատճառվել կամ կարող էր վնաս պատճառվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին»,-նշեց նա:

Գործով քննիչ Կամո Սահակյանն էլ ասաց, որ եթե փաստաբանի կողմից ներկայացված պահանջը հիմնավոր լիներ, ապա նույն կերպ ցանկացած անձ կարող է վիճարկել, որ դատարանների վրա ազդեցություն է եղել նաև իր գործի հետ կապված և նման տեղեկություններ նշելով պահանջել հարուցել քրեական գործ, քննություն կատարել և իրեն ճանաչել տուժող. «Քննության նախնական փուլում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք հաստատում են դատարանի նկատմամբ ազդեցության հանգամանքը և Քոչարյանի վերաբերյալ որոշումը այդ ազդեցությամբ կայացված լինելու հանգամանքը»:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ միանշանակ բողոքարկելու են դատարանի որոշումը, սակայն կարծում է, որ վճռաբեկ դատարանը արդյունավետ չէ և նրանք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել