Դատավորը փաստացի կասկածի տակ է դրել դատական համակարգի աստիճանակարգությունն ու ատյանային գործառութային գործունեության արդյունավետությունը. նրա լիազորությունները դադարեցվել են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 588-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արթուր Մկրտչյանի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի հաղորդումը, որը հասցեագրվել է նախարարին։

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

Գործով դատավորը տվել է կատարողական թերթ դեռևս ուժի մեջ չմտած դատական ակտի վերաբերյալ, ավելին՝ դատական ակտը եղել է բեկանված վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Հետևաբար, դատավորի կողմից խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը:

«Խախտումներն ակնհայտ են և կոպիտ, ուստիև դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա»,- նշված է եղել նախարարի որոշման մեջ :

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ քաղաքացի Արթուր Մկրտչյանի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պարզաբանում` Բարձրագույն դատական խորհրդին:

Արդարադատության նախարարը հանգել է այն հետևությանը, որ դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից 12.10.2017թ. կայացված վճռի հիման վրա (նշված վճիռը հրապարակման պահից չի մտել օրինական ուժի մեջ) 17.10.2018թ.տրվել է կատարողական թերթ՝ նշումով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 31.08.2018թ.-ին, սակայն դատավորի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ դատարանի 12.10.2017թ. վճիռը, բացառությամբ գործի վարույթը կարճելու մասի, մինչ օրս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ վերաքննիչ դատարանի 31.07.2018թ. որոշմամբ վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Ընդ որում, վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա է այն դատական սխալը, որը հիմք է դատարանի վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար: (…) Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը հայցը բավարարելու մասով բեկանելու և գործն այդ մասով ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու վերաքննիչ դատարանի լիազորությունը»:

Այսինքն՝ վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան վերաքննիչ բողոքի բավարարման արդյունքում սույն քաղաքացիական գործով դատարանի կողմից կայացված վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ամբողջ ծավալով ուղարկվել է նոր քննության:

Արդարադատության նախարարն իր միջնորդության մեջ նշել է, որ դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես՝ կատարողական թերթը տրվել է օրինական ուժի մեջ չմտած, բեկանված դատական ակտի հիման վրա, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման ուժով ստեղծվել է բեկանված դատական ակտի կատարման պարտադիրության և՛ տեսանելիություն, և՛ անհրաժեշտություն՝ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված՝ հարկադիր կատարողի համար նշված կատարողական թերթը կատարելուց ձեռնպահ մնալու որևէ իրավական հնարավորության բացակայությունը:

Արդարադատության նախարարը գտել է, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ է, կոպիտ և կատարված է կոպիտ անփութությամբ: Վարույթ հարուցած մարմինը նաև գտել է, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական խախտում է:

«Դատավորի կողմից այնպիսի արարք է կատարվել, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ, ինչպես նաև Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացված բացատրությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել նրա պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը»,-նշել է նա:

Դատավորը ներկայացրել է երկու բացատրություն. առաջինը՝ Արդարադատության նախարարին, երկրորդը՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Առաջին գրավոր բացատրության մեջ Արայիկ Մելքումյանը նշել է, որ կատարողական թերթ տրվել է հայցվորներից Անդրանիկ Գրիգորյանին, որի կողմից վերաքննիչ բողոք չէր ներկայացվել, հետևաբար, առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Անդրանիկ Գրիգորյանի մասով, մտել էր օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոք ներկայացրած անձիք չէին կարող վերաքննիչ բողոք ներկայացնել Անդրանիկ Գրիգորյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մասով:

Երկրորդ բացատրությամբ դատավորը նշել է, որ պատշաճ քննություն չի կատարվել իր կողմից թույլ տրված խախտման բնույթի, այն ծնող հանգամանքների և պայմանների վերաբերյալ, ինչի արդյունքում լիազոր մարմինը հանգել է ոչ ճիշտ հետևության իր կողմից թույլ տրված արարքի որակման խնդրում: Դատավորը հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումն ընդունում է մասամբ՝ վերագրվող արարքի առկայության փաստի մասով, միաժամանակ առարկում է արարքի բնույթի` կոպիտ խախտման, կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ որոշմամբ նշված հիմքերի ու հիմնավորումների դեմ:

Դատավորը նաև նշել է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ չմտած լինելու պայմաններում կատարողական թերթի տրամադրման բացառումը պարզագույն իրավակարգավորում է, որն ուսուցանվում է դեռևս իրավաբանական ֆակուլտետի առաջին-երկրորդ կուրսերում: Հետևաբար, 2008 թվականից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և ունենալով ավելի քան տասը տարվա դատավորի մասնագիտական ստաժ, ակնհայտ է, որ իր կողմից թույլ տրված վրիպումը (խախտումը) չէր կարող պայմանավորված լինել իրավական նորմի չիմացությամբ:

Նաև պնդել է, որ իր կողմից նման վրիպում թույլ տալու փաստը հետևանք է իր՝ որպես դատավորի գերծանրաբեռնվածության և աշխատակազմի ոչ համալրված լինելու, մասնավորապես.

– 2018 թվականի հոկտեմբերի 17-ին՝ կատարողական թերթ տալու օրվա դրությամբ, իր վարույթում եղել է 1356 քաղաքացիական գործ, 1514 արբիտրաժային գործ, որոնք քննվում են քաղաքացիական գործերի քննության նույն ընթացակարգով, և 667 վճարման կարգադրություն, ընդհանուր առմամբ 3537 գործ,

– իր աշխատակազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ նոր օգնականը հրամանագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին, որն էլ մինչ այդ չի ունեցել դատական համակարգում աշխատելու փորձ և ընդհանուր առմամբ որևէ պատկերացում չուներ դատավորի օգնականի գործառույթների մասին, և վերջինիս համար այդ ընթացքում աշխատանքը դեռևս ուսումնառություն և ծանոթություն էր ներառում,

– կատարողական թերթ տրամադրելու պահին աշխատակազմում գործավար չի ունեցել:

Դատավորը վկայակոչել է նաև դատավորի անկախությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթեր: Նշել է, որ ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսի կողմից 1985թ. սեպտեմբերի 6-ին ընդունված Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների համաձայն՝

– դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների
անկախությունը (կետ 1-ին).

– յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարելու պատշաճ կերպով (կետ 7),

– դատավորների լիազորությունների ժամկետը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով (կետ 11):

«Դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (94) 12 հանձնարարականով ամրագրվել է դատավորի պատշաճ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը, որը ներառում է նաև համապատասխան (պատշաճ) օժանդակ անձնակազմի ապահովումը:

Դատավորը նաև նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատասխան գրություն ներկայացնելուց հետո իր կողմից կրկին ուսումնասիրվել է սույն քաղաքացիական գործը, որից հետո մինչև որոշումն իրեն հանձնելը՝ դեկտեմբերի 27-ին, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությամբ խնդրել է վերադարձել սույն գործով 17.10.2018 թվականին էլեկտրոնային եղանակով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված թիվ ԿԹ75608-2018 կատարողական թերթը:

Դատավորն իր դիրքորոշումը եզրահանգել է հետևյալով. «Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կողմից թույլ տրված վրիպումը որևէ աղերս չունի մասնագիտական առումով ոչ կոմպետենտության կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հետ, այն չի կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ունեցել է իր ծնող պատճառները՝ գերծանրաբեռնվածություն, բավարար և պատշաճ պրոֆեսիոնալիզմով աշխատակազմի բացակայություն, ինչպես նաև այն, որ ինքը միջոցներ է ձեռնարկել կատարած խախտման (վրիպման) հետևանքները վերացնելու համար, ուստի խնդրում է մերժել Լիազոր մարմնի կողմից ներկայացված որոշումը»:

Անդրադառնալով արարքի որակման հարցին՝ նիստի ժամանակ դատավորի ներկայացուցիչը վկայակոչեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի պաշտոնի անհամատեղելիության սկզբունքը: Դատավորի ներկայացուցիչը նույնացրեց դատավորի պաշտոնի անհամատեղելիության սկզբունքը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը նախատեսող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հետ, համաձայն որի՝ էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Նշվածը Դատավորի ներկայացուցիչը ներկայացրեց որպես դատավորի կողմից կատարված արարքն էական կարգապահական խախտում դիտարկելու՝ Արդարադատության նախարարի փաստարկի հերքում:

Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշման մեջ արձանագրել է, որ բեկանված և բողոքարկման գործընթացում գտնվող դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելով՝ դատավորը փաստացի կասկածի տակ է դրել դատական համակարգի աստիճանակարգությունն ու ատյանային գործառութային գործունեության արդյունավետությունը և որոշել է դադարեցնել նրա լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել