«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 1-ին կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձիք են համարվում նաև ավագանու անդամները, քանի որ ավագանու անդամի պաշտոնը դասվում է համայնքային քաղաքական պաշտոնների թվին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է լրացում կատարել և սահմանել ավագանու անդամի վճարովի այլ աշխատանքի իրավունքի իրականացումը: Օրենքի նախագծով ավագանու անդամները կարող են զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ օրենքներով նախատեսված դեպքերի: