Կառավարությունը կվերանայի Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու օրենսդրությունը. նախագիծ

Կառավարությունը փետրվարի 6-ին ներկայացրեց իր ծրագրի նախագիծը, որի 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին: Այս գլխում նշվում է.

«Կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնա­հերթու­թյուններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է վճռա­կան, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և  վերջիններիս վերացմանը միտված գործողությունների իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:

Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները,   ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։ Ընդ որում, պայքարը պետք  է իրականացվի ինչպես  ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստի­տուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը: 

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել