«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ 180-րդ երկրների շարքում Հայաստանը գտնվում է 105-րդ տեղում՝ 35 միավորով։
«Նախորդ տարիների համեմատ Հայաստանի միավորները մնացել են նույնը, չնչին փոփոխություն է գրանցվել միայն հորիզոնականի հարցում։ Մասնավորապես, 2017թ-ին Հայաստանի 35 միավորով գտնվում էր 107-րդ հորիզոնականում, իսկ 2016թ․-ին՝ 33 միավորով 113-րդ հորիզոնականում:
Ամենամաքուր երկրների եռյակն է՝ Դանիան, Նոր Զելանդիան, երրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյացարիան»,-նշում է նա։
Ըստ զեկույցի՝ կտրուկ նվազում է գրանցվել Ադրբեջանում․ 2017 թվականին ունենալով 31 միավոր, զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը։ Այս տարի այն նվազել է 6 միավորով, դառնալով 25 միավոր, զբաղեցնելով 152-րդ հորիզոնականը։
Ուկրաինան ունի երկու միավորի ավելացում, այն է՝ 2017 թ-ին ունեցել է 30 միավոր՝ 130-րդ հորիզոնական, իսկ 2018թ․-ին՝ 32 միավոր՝ 120-րդ հորիզոնական։
«Հայաստանի ցուցանիշները ևս մեկ անգամ վերահաստատում են այն իրողությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է իրականացվի փուլ առ փուլ։ Այն պահանջում է համակարգային մոտեցում և առանցքային գործիքների ամբողջական ներդում։ Եվ այս գործընթացից անմասն չպետք է մնա հակակոռուպցիոն կրթությունը, որը ուղիղ ազդելու է հանրության շրջանում կոռուպցիայի ընկալման բարձրացմանը»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։