Ակցիզային հարկ վճարելուց ազատման հիմքերը

Գործող Հարկային օրենսդրությամբ ակցիզային հարկից ազատվում են հետևյալ գործարքները.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.
2. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարումը՝ Հարկային Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը (հարկային հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու դեպքում.
3. ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.
4. 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին.
5. բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին: Այս կետը չի տարածվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ բռնագանձման ձևով պետությանը կամ համայնքին օտարման գործարքների վրա, որոնց դեպքում գործարքը ենթակա է ակցիզային հարկով հարկման՝ Հարկային Օրենսգրքով սահմանված կարգով.
6. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց. (մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց և մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մուտք գործող ֆիզիկական անձանց)
7. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել