Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան վճարի վճարման ավտոկայանատեղում կայանել է քառասունութ ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք, եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական վճարն ու վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը: Ընդ որում` կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար:
Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:
Կազմակերպիչը կազմում է ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը: