Հայաստանում պետք է անցկացնել անցումային արդարադատություն. այս ինստիտուտի ներդրմանն ու իրականացմանը կողմ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժից 4-ը: Նախընտրական ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե այս ուժերից որն ինչպես է պատկերացնում դրա իրականացումն ու ինչպես է ներկայացնում նաև իր ընտրազանգվածին:
Այսպես, թերևս ամենաբովանդակն ու մանրամասն ներկայացրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մի ամբողջ գլուխում մանրակրկիտ կերպով ընտրողին բացատրում է, թե ինչ է պետք սպասել անցումային արդարադատության իրականացման արդյունքում.
«Ավտորիտար համակարգի ճեղքումը ապրիլին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով դուռ է բացել Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման համար»,- նշված է ծրագրում և կայուն ժողովրդավարություն հաստատելուն ուղղված քայլերից մեկը դիտարկվում է հենց անցումային արդարադատությունը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրի համաձայն՝ անցումային արդարադատությունը պետք է իրականացվի հետևյալ նպատակներով և մեխանիզմներով՝
- Պատժի անխուսափելիության ապահովման նպատակով քրեական արդարադատության իրականացում
Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով: Գործերի վերաբացման համար օրենսդրորեն կամրագրվեն անցումային արդարադատությանը բնորոշ հիմքեր, օրենսդրորեն կվերանայվեն կոռուպցիոն հանցագործություների կատարման վաղեմության ժամկետներն ու հետադարձ ուժ տալու հնարավորությունները: Այս ամենը հնարավորություն կընձեռնի վերականգնել արդարությունը և վերացնել անպաժելիության միջավայրը:
- «ճշմարտության և հաշտեցման» հանձնաժողովի ստեղծում
Օրենքի հիման վրա կստեղծվի «ճշմարտության և հաշտեցման» հանձնաժողով: Օրենքի մակարդակով կամրագրվեն հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, գործերը, որոնք ընդատյա են լինելու հանձաժողովին, հանձնաժողովի անդամների ընտրման չափանիշները: Հանձնաժողովը հետաքննություններ կանցկացնի և կպարզի 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար խախտումները (օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման և այլ գործեր), անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պատժի անխուսափելիության, արդարացի փոխահատուցման և հասարակական համերաշխություն ապահովման համար:
- Փոխհատուցման ծրագրերի իրականացում
Մարդու իրավունքների հիմնարար խախտումների (օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, 2008թ.-ի մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման և այլ գործեր) զոհերի համար օրենքների հիման վրա կիրականացվեն փոխահատուցման ծրագրեր: Դրանք կարող են լինել դրամական-նյութական և ոչ նյութական բնույթի։ Փոխհատուցման (reparation) ծրագրերը կներառեն.
- նախնական իրավիճակի վերականգնում,
- կոմպենսացիա,
- ռեաբիլիտացիա,
- սատիսֆակցիա,
- կրկնման արգելքի երաշխիքների տրամադրում` խորհրդանշական միջոցների օգտագործումը ։
- Վեթթինգային հանձնաժողովի ստեղծում. պետական ծառայության համակարգի մաքրում և համակարգային բարեփոխումների իրականացում.
Համակարգային բարեփոխումները կիրականացվեն, որպեսզի ստեղծվեն երաշխիքներ, որ նախկինում կատարված մարդու իրավունքների զանգվածային իրավախախտումները այլևս չեն կրկնվի։ Համակարգային բարեփոխումները հիմնականում կներառեն լյուստրացիան (մաքրագործում) և վեթթինգ (մաքրում)։
Օրենքի հիման վրա կստեղծվի վեթթինգային հանձնաժողով, որը քննության առարկա կդարձնի հետևյալ հարցերը.
- պետական ծառայության համակարգի մաքրում օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ բարեխիղճ պետական ծառայողներից, նրանց փոխարինում օրինապաշտ, բարեխիղճ և պրոֆեսոնալ պետական ծառայողներով,
- համակարգային բարեփոխումների իրականացում` մարդու իրավունքներ խախտող պետական մարմիններից մարդու իրավունքներ պաշտպանող պետական պետական մարմինների կառուցման ապահովում,
- արդարադատության խորը և համակարգային բարեփոխումների իրականացում:
Կընդունվի լյուստրացիայի մասին օրենք, որը նոր իշխանություններին կտա լեգիտիմություն` կտրուկ տարանջատվել նախորդ իշխանության հակաօրինական գործունեություն իրականացրած կադրերից:
- Անօրինական և ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքի ճանաչում հատուցման դիմաց
Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը, պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի ինսուն տոկոսը տաս տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոների պահպանման դեպքում:
Կամովին վերադարձրած ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում նույնպես կարևորվել է անցումային արդարադատության անցկացումը: Մասնավորապես, արդարադատության համակարգին նվիրված հատվածում նշվում է.
*Իրագործելու ենք անցումային արդարադատություն, որը Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի գործունեության ընթացքում դրանց սահմանադրական նպատակների տևւական խեղաթյուրման հետևանքները վերականգնելու վերջին հնարավոր անցնցում միջոցն է եւ կենսական անհրաժեշտություն է քաղաքացիական համերաշխության վերականգնման նպատակի համար։ Անցումային արդարադատության շրջանակներում պետական մարմինների կամ ինստիտուտների ստեղծմամբ չեն վերացվելու նույն գործառույթի համար կոչված Հայաստանի սահմանադրական մարմիններն և ինստիտուտները։ Անցումային արդարադատության շրջականերում ձեռնարկվելիք միջոցները և հնարավորությունները լինելու և մնալու են Սահմանադրության համապատասխանության շրջանակում։ Ավելին, այդ միջոցները և մարմինները նպատակաուղղված են լինելու քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների եւ ազատությունների, ինչպես և պետական սահմանադրական խափանված գործառույթների վերականգնման նպատակին։ Անցումային արդարադատության միջոցներն ուղղված են լինելու քաղաքացիական համերաշխության վերականգնմանը՝ առաջնահերթությամբ հետեւյալ մասնավոր գործունեության ուղղություններով․
- մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների զոհերի իրավունքների վերականգնում,
- ճշմարտության արձանագրում,
- պետությանը կամ քաղաքացիներին էական վնաս հասցրած կոռուպցիոն գործարքների քննությամբ եև մեղավորներին պատասխանատվության կանչելու միջոցով դրանց հետևանքների չեզոքացում։
*Անցումային արդարադատությունը պետք է գործարկվի առնվազն հետևյալ ոլորտների/գործերի/տուժողների խմբի ուղղությամբ՝ դրանցում տուժողների իրավունքների վերականգնման և ճշմարտության արձանագրման նպատակով (սակայն չսահմանափակվելով միայն այս ցանկով)․
- անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատման համար, ընտրությունների հետընտրական գործընթացում քաղաքական հետապնդումների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքից և կյանքի իրավունքի խախտումների
գործադրումից տուժողներ (իրավախախտումների քննության եւ տուժողներին պատճառված գույքային եւ բարոյական վնասի հատուցման, արձանագրված ճշմարտությունը հանրությանը մատուցելու եւ դրա շուրջ հանրային քննարկումներ ծավալելու միջոցով), - Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիներ (բողոքարկման ժամկետների վերականգնման, գույքային փոխհատուցում ապօրինի գույքազրկման դիմաց)
- ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ (տուժողներին պատճառված գույքային եւ բարոյական վնասի փոխհատուցում, իրականացված քննության արդյունքների վերանայում):
-Անցումային արդարադատության գործիքներ կարող են կիրառվել նաեւ.
- Երրորդ հանրապետության գոյության ընթացքում՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտման, ինչպես նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վերաբերյալ հանրությանն ամբողջական և վստահելի պատասխաններ տալու համար,
- անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատման համար,
- երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության եւ այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրության ու վերլուծության, այդ ուսումնասիրության ու վերլուծության արդյունքների հրապարակման եւ սրանից բխող օրենսդրական քայլերի ձեռնարկման համար, որ կներառեն նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան ընթացիկ վերահսկողության տակ պահել պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու եկամուտները:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում թեև հատուկ չի նշում անցումային արդարադատության համակարգային իրականացման մասին, սակայն որոշ քայլերի իրականացումը վերաբերելի են հենց այս համակարգին: Մասնավորապես՝
*Երկրում արդարության ու պատասխանատվության մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել վերջին 20 տարվա ընթացքում ընտրական կեղծիքների ու Ընտրական օրենսդրության խախտումների կազմակերպիչներին՝ բացառելու համար այդ հանցագործների ներթափանցումը նոր Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման համակարգ և բացառելու հետագայում նման խախտումները՝ ձևավորելով պատժելիության մթնոլորտ։
*Քաղաքական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտում և օբյեկտիվ քննություն, այդ թվում՝ Հարսնաքարի գործի, Բուդաղյանների սպանության, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Բերձորի միջադեպ և այլն՝ կատարողներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ օրենքով սահմանված կարգով: Այս գործընթացին պետք է մասնակից դարձվեն միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
*Առաջարկվում է իրականացնել լյուստրացիա` իր ողջ հնարավոր ծավալով՝ թե քաղաքական թե տնտեսական առումով, որը ենթադրում է նաև օտար պետության գործակալների գաղտնազերծում, բացահայտում, պետական պաշտոններից հեռացում և պատիժ՝ օրենքով սահմանված կարգով։
«Սասնա ծռեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի իրավունքին և արդարադատությանը նվիրված հատվածում նշում է, որ «Ժամանակն է … ապահովելու անցումային արդարադատության իրականացումը»: Այնուհետև նշվում է նաև, որ ժամանակն է
-կատարելու գործակալական, տնտեսական և քաղաքական լյուստրացիա (գաղտնազերծում) և ըստ դրա արդյունքների համապատասխան անձանց զրկելու պետական ու տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, պատասխանատվության ենթարկելու երկիրը կեղեքած և թալանած անձանց, ինչպես նաև ժողովրդին և պետությանը վերադարձնելու թալանված հարստությունը:
-իրականացնելու լայն համաներում:
-վերանայելու բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերվում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, ինչպես նաև քաղբանտարկյալների գործերը:
Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու՝ այս ուժերի Ազգային ժողով անցնելու դեպքում
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կիրառելու է անցումային արդարադատության միմյանց փոխլրացնող հիմնական մեխանիզմները՝ քրեական արդարադատություն (արդյունքում կվերականգնվի արդարությունը և կվերացվի անպաժելիության միջավայրը), ճշմարտության հանձնաժողովի ստեղծում (արդյունքում կբացահայտվի ճշմարտությունը և կապահովվի հանրային համերաշխությունը), փոխհատուցման ծրագրեր (խախտված իրավունքի վերականգնում), վեթթինգի և լյուստրացիայի իրականացում (պետական մարմինները կմաքրվեն հակաօրինական գործունեություն ծավալած/ող պաշտոնյաներից), և կապիտալի ամնիստիա, որի արդյունքում ապօրինի հարստության վերադարձման դիմաց՝ կներվեն հանցագործությունները:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված չեն թե հատկապես ինչ մեխանիզմների միջոցով է իրականացվելու անցումային արդարադատությունը: Թեև նշյալ նպատակներից միայն կարելի է եզրակացնել, որ ընտրվելու են քրեական արդարադատության, ճշմարտության հանձնաժողովների և փոխհատուցման ծրագրերի իրականացման մեխանիզմները: Չկա որևէ նշում վեթթինգի և լյուստրացիայի մասին, որոնք պետական համակարգը անբարեխիղճ պաշտոնյաներից ազատելու հնարավորություն են տալիս:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը համալիր կերպով անցումային արդարադատություն չի անցկացնելու, այլև նախատեսվում է կիրառել միայն քրեական արդարադատություն և լյուստրացիա:
«Սասնա ծռեր» կուսակցությունը թեև ուղղակիորեն նշում է, որ ժամանակն է անցումային արդարադատություն իրականացնելու, սակայն չեն նշվում, թե ինչ մեխանիզմներով է այն իրականացվելու և կոնկրետ որ մեխանիզմի կամ քայլի դեպքում ինչ նպատակ է հետապնդվելու: Այստեղ, թերևս, բացառություն է լյուստրացիայի մասին հիշատակումը, անուղղակիորեն նշվում է նաև քրեական արդարադատության իրականացման մասին: Նրանց նախընտրական ծրագրում նշվում է նաև, որ ժամանակն է լայն համաներում իրականացնելու, սակայն չի նշվում, թե ինչ նպատակով է դա արվելու:
Այսպիսով, ամփոփելով, կարող ենք նշել, որ թերևս միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է առավել համապարփակ կերպով ներկայացրել, թե ինչ մեխանիզմներով ու գործիքներով կիրականացվի անցումային արդարադատությունը և ինչ արդյունք կունենա հասարակությունը դրա իրականացման դեպքում: