Քրեական օրենքով արգելված հանրորեն վտանգավոր արարք մեղավորությամբ կատարելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Քրեական գործ հարուցելու առիթները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածով` որի համաձայն համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու 3 առիթ։
Դրանք են`
- հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին
- հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները
- հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս:Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարզ ընթացակարգ եւ պահանջներ։
Ֆիզիկական անձանց հաղորդումները
Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:
Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:
Եթե լրացել է դիմողի 16 տարին, ապա նա նախազգուշացվում է սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:
Արձանագրությունն ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
Վերոնշված կանոնները տարածվում են նաև դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա` մեղայականով ներկայանալու դեպքում:
Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ, կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:
Իրավաբանական անձանց հաղորդումները
Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:
Լրատվության միջոցների հաղորդումները
Լրատվության միջոցների հաղորդումներ են` կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին մամուլում հրապարակված, ռադիոյով, հեռուստատեսությամբ հեռարձակված նյութերը, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցությունները։
Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն, պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:
Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
- քրեական գործ հարուցելու մասին.
- քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
- հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: