«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» ՀՀ Օրենքը սահմանում է՝ պետական պահպանությունն իրականացնող ծառայության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմաները:
Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում ծառայության վրա դրված պարտականությունների կատարումը։
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից։
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս ծառայության ծառայողը պարտավոր է՝
1. նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, ծառայության կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
2. դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
3. մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։
Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում։
Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։