«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենքի համաձայն կենդանական ծագման մթերքի, ինչպես նաև որսորդության ու ձկնորսության արտադրանքի արտադրության և փոխկապակցված գործընթացների փուլերում ներգրավված սննդի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները՝
1. նախնական արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող արտադրական, այդ թվում` անասնակերի պահման տարածքների մաքրության և, ըստ անհրաժեշտության, մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
2. արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
3. հնարավորության սահմաններում սպանդի ենթակա և արտադրող կենդանիների մաքրության ապահովում.
4. միայն խմելու ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում.
5. սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում.
6. կենդանիների և վնասատուների կողմից առաջացող աղտոտման կանխարգելում.
7. սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում.
8. սննդամթերքի միջոցով մարդկանց փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելում, ներառյալ` նոր կենդանիների ընդունման և լիազոր մարմնի կողմից նման հիվանդությունների բռնկման հավանականության մասին տեղեկատվության հիման վրա ձեռնարկված նախազգուշական միջոցառումների իրականացումը.
9. կենդանիների հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող դեղերի և դեղամիջոցների մնացորդային քանակի նկատմամբ հսկողության սահմանում.
10. կերային հավելումների և անասնաբուժական պատրաստուկների` հրահանգներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում: