ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելու ձևը և դրան ներկայացվող պահանջները:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով նախատեսված վարույթի նկատմամբ:
Հայցադիմումը ներառում է նաև`
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերելի դրույթները.
2. տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջև ընտանիքում և (կամ) արյունակցական կապերի մասին.
3. ընտանիքում բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.
4. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.
5. պատասխանողի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:
Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված` նախազգուշացման մասին և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:
Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի՝ աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար: