Մարդու իրավունքների և դատավորների ու իրավաբանների անկախության միջև կապն անհերքելի է: Դեռևս 1994 թ-ին Մարդու իրավունքների հանձնաժողովը (2006-ին փոխարինվել է Մարդու իրավունքների խորհրդով) անհանգստություն է հայտնել իրավաբանների և դատավորների անկախության դեմ ուղղված հարձակումների քանակի աճման շուրջ՝ վճռելով նշանակել այս հարցով հատուկ զեկուցող (Special Rapporteur): Քանի որ այս հարցը տարիներ շարունակ մնում էր խնդրահարույց և իրավիճակը վատթարանում շատ երկրներում, դրա մանդատը ընդլայնվել է և շարունակվում է մինչ օրս: Անցած տարվա ընթացքում Գարսիա-Սայանը՝ ներկայիս հատուկ զեկուցողը, կոչ է արել համաշխարհային հանրությանը ուշադրությունը սևեռել Չինաստանում, Թուրքիայում և Մալդիվներում իրավաբանների դեմ տեղի ունեցող մտահոգիչ հարձակումներին, ինչպես նաև կառավարությունների կողմից գործադրված ջանքերին՝ ուղղված Լեհաստանում և Ֆիլիպիններում դատական անկախության թուլացմանը:
Այս կարևոր թեմայի մասին ավելին իմանալու համար մենք խոսեցինք «Իրավաբանները՝ հանուն իրավաբանների» (Lawyers for Lawyers (L4L)) գործադիր տնօրեն Ջուդիթ Լիխտենբերգի և ծրագրերի մասնագետ Սոֆի դը Գրաֆի հետ: «Իրավաբանները՝ հանուն իրավաբանների» կազմակերպությունը հոլանդական անկախ իրավաբանական կազմակերպություն է, որը նպաստում և պաշտպանում է իրավաբանության անկախությունը՝ աջակցելով և քաջալերելով ամբողջ աշխարհի իրավաբաններին, ովքեր բախվում են ճնշումների, ոչ պատշաճ միջամտությունների և սահմանափակումների իրենց աշխատանքի պատճառով, շատ հաճախ այն բանի համար, որ պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները: Ջուդիթ Լիխտենբերգը և Սոֆի դը Գրաֆը Իրավաբան.net-ին պատմեցին «L4L»-ի առաքելության և այն խնդիրների մասին, որոնց ներկայումս բախվում են իրավաբաններն իրենց մասնագիտությամբ զբաղվելիս, ինչպես նաև այն աշխատանքի մասին, որն իրականացնում է «L4L»-ը վտանգի տակ գտնվող իրավաբաններին պաշտպանելիս և աջակցելիս:
-Եկեք սկսենք սկզբից. որտեղի՞ց է ծագել «Իրավաբանները՝ հանուն իրավաբանների» ստեղծելու միտքը:
-Սոֆի դը Գրաֆ (ՍԳ). «L4L»-ն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ իրավաբանների անդամակցությամբ, ովքեր տարածում են իրավաբանների ընդհանուր արժեքները և նրանց կողմից արդարադատության համակարգի և իրավունքի գերակայության հարցում կատարած ներդրման մասին տեղեկություն, ինչպես նաև պաշտպանում այն գործընկերներին, ում խոչընդոտում են կամ սպառնում իրենց աշխատանքի պատճառով: Կազմակերպության արմատները գալիս են արգենտինացի մի խումբ իրավաբաններին իրենց համերաշխությունն արտահայտելու մի արշավից, երբ նրանք առանց դատավարության անհետացան կամ ձերբակալվեցին Ռազմական խունտայի կողմից 1976-1983 թվականներին:
Արշավը նախաձեռնել էր Վիլլեմ վան Մանենը՝ մի հոլանդացի իրավաբան և մուլտիպլիկատոր, Բուենոս Այրեսում անցկացված իրավաբանների միջազգային կոնգրեսի համատեքստում: Այս կոնգրեսը ցույց տվեց, որ իրավաբանի մասնագիտության շուրջ միջազգային համերաշխությունը կարող է կարևոր դեր խաղալ մարդու իրավունքների խախտումների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու հարցում, գործընկեր իրավաբաններին պաշտպանելու համար: Վիլլեմ վան Մանենը նաև մեր առաջին նախագահն էր և կազմակերպության լոգոյի ստեղծողը. որպես տաղանդավոր մուլտիպլիկատոր՝ նա գաղափար ունեցավ՝ պատկերելու իրավաբաններին պինգվինների տեսքով:
-Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ իրավաբանները կարող են պաշտպանության կարիք ունենալ, քանի որ ԶԼՄ-ների ուշադրությունը հիմնականում ուղղված է պաշտպանյալներին և նրանց պատմություններին: Ինչպիսի՞ ռիսկային իրավիճակների հետ են իրավաբանները բախվում իրենց աշխատանքում:
-Ս.Գ. Աշխարհով մեկ իրավաբաններին ձերբակալում են կամ սպառնում պարզապես այն բանի համար, որ իրենց աշխատանքն են անում: Հետևելով ՄԱԿ-ի նախկին Հատուկ զեկուցողի 2016 թ. օգոստոսի հաշվետվությանը՝ դատավորների և իրավաբանների անկախության վերաբերյալ, Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարություն տարածեց 2017 թ. հունիսին՝ արտահայտելով մտահոգություն իրավաբանների դեմ հարձակումների և իրավաբանների հանդեպ իրենց մասնագիտությամբ զբաղվելու հարցում կամայական կամ ոչ օրինական միջամտությունների կամ սահմանափակումների դեպքերի աճող քանակի վերաբերյալ:
Սա կախված է երկրի քաղաքական իրողությունից և փաստական հանգամանքներից, այն մեթոդներից, որոնք օգտագործվում են իրավաբաններին լռեցնելու կամ կանխելու որոշ վստահորդների պաշտպանությունը՝ ներառյալ սպանությունները, մահվան սպառնալիքները, ահաբեկումը, ֆիզիկական ամբողջականության և հեղինակության վրա հարձակումները, պարտադրված անհետացումները կամ ոտնձգությունների այլ տեսակներ: Ոտնձգության դեպքերը կարող են նաև օգտագործվել իրավաբանների ընտանիքի անդամների դեմ: Իրավաբաններին նաև գնալով ավելի ու ավելի են սպառնում կամայական ձերբակալությունները, հետապնդումները և կալանավորումը, ինչպես նաև կարգապահական վարույթի չարաշահումը՝ ներառյալ հեռացումը մասնագիտական պրակտիկայից, կամ էլ ենթարկվում են տեղաշարժվելու ազատության վրա ոչ ողջամիտ սահմանափակումների՝ ներառյալ տնային կալանքը և ճամփորդելու արգելքները:
Որոշ դեպքերում ձերբակալված իրավաբաններն ազատ են արձակվում մի քանի շաբաթ կամ ամիս անց, սակայն սա հաճախ բավարար է նրանց գործունեությանը կամ վստահորդներին վնասելու համար: Դժբախտաբար, մենք նաև գիտենք դեպքեր, երբ իրավաբաններին դատապարտում են 20 տարուց ավելի ազատազրկման: Կալանքի տակ գտնվող իրավաբանները շատ հաճախ բախվում են վատ բանտային պայմանների հետ. նրանց առողջությունը կարող է վատթարանալ, կամ երբեմն իրավաբանները կարող են ենթարկվել վատ վերաբերմունքի՝ ներառյալ բռնության, կամ մեկուսի բանտարկության՝ որպես պատիժ, օրինակ, բողոքներ տարածելու կամ դատական վարույթը շարունակելու համար:
-Ինչպիսի՞ աջակցություն եք առաջարկում «L4L»-ում:
-Ս.Գ. Մենք աջակցում ենք իրավաբաններին մի շարք ձևերով. պաշտպանում ենք վտանգի մեջ գտնվող անհատ իրավաբանների, որպեսզի վերջ տանք կամ կանխենք նրանց դեմ ընթացող հետաքննությունները կամ ճնշամիջոցները իրենց աշխատանքը կատարելու համար՝ առաջնորդվելով ներգրավված իրավաբաններով կամ նրանց (իրավական) ներկայացուցիչներով: Օրինակ, մենք գրում ենք նամակներ իրավաբանի երկրի իշխանություններին, կազմակերպում ենք սոցիալական ցանցերում արշավներ, տարածում ենք հայտարարություններ և մամլո հաղորդագրություններ, կամ էլ աշխատում ենք կառավարությունների, միջազգային կառույցների և իրավաբանների ասոցիացիաների հետ՝ գրավելու համար միջազգային հանրության ուշադրությունը վտանգի մեջ գտնվող իրավաբանների առանձին գործերին: Ի լրումն՝ մենք մշտադիտարկում և մեծ կարևորություն ենք տալիս իրավաբանների իրավունքների խախտումներին, մասնագիտական երաշխիքներին և անձեռնմխելիությանը՝ ներառյալ դատական դիտորդությունը և փաստահավաք առաքելությունները, և մենք անում ենք շահերի պաշտպանություն մեր կողմից թիրախավորված անպատժելիության գործերով: Մենք փորձում ենք յուրաքանչյուր գործով անհատական աջակցություն առաջարկել:
Երկրորդը, մենք ուժեղացնում ենք իրավաբաններին և իրավաբանների ասոցիացիաներին՝ կատարելու համար իրենց դերը մարդու իրավունքներն ու ազատությունները բարձր պահելու հարցում, օրինակ, տարածելով լավագույն փորձը իրավաբանի մասնագիտության հիմքում ընկած հիմնարար արժեքների և էթիկայի նորմերի շուրջ՝ ապահովելով ինտերակտիվ վերապատրաստումներ և ռեսուրսային նյութեր՝ ներառյալ միջազգային մարդու իրավունքները և միջազգային՝ ներառյալ տարածքային, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
Վերջապես, մենք այնպիսի օրենքների, քաղաքականությունների և պրակտիկաների ջատագովություն ենք անում, որոնք ապահովում կամ ամրապնդում են արդյունավետ պաշտպանություն իրավաբանների անկախ գործունեության և անվտանգության համար: Մենք սա անում ենք՝ փոխգործակցելով միջազգային մարմինների և նրանց կառուցակարգերի հետ՝ ներառյալ մասնակցությունը «Universal Periodic Review»-ում: Մենք նաև ներկայացնում ենք հաշվետվություններ Մարդու իրավունքների հանձնաժողովին՝ Կամայական կալանավորման աշխատանքային խումբ, և մենք փոխգործակցում ենք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հետ: Մենք նաև լոբբինգ ենք անում կառավարություններում՝ ընդունելու, իրականացնելու և կիրառելու համար արդյունավետ իրավական պաշտպանություն կամ ըստ անհրաժեշտության փոփոխելու օրենքներ, որոնք ոտնձգություն են իրավաբանների անկախության հանդեպ:
-Մարդկանց մեջ առկա է վատատեսություն՝ կապված նամակային արշավների հետ: Շատերը համոզված են՝ դրանք տեղ չեն հասնի կամ որ իրավաբանները դրանք երբեք չեն ստանա, հավանաբար, նրանց դեմ գրաքննության կամ պատժամիջոցների պատճառով, բայց ձեր փորձով նամակները տեղ են հասնում ապահով կերպով և դրական ազդեցություն են ունենում իրավաբանների վրա:
-Ջուդիթ Լիխտենբերգ (Ջ.Լ.). Հաճախ բարդ է ասել՝ արդյոք մեր գործողությունները նպաստել են, թե հանգեցրել իրավաբանների վրա հարձակումների և սահմանափակումների նվազմանը կամ կանխմանը, և, եթե այո, ապա ինչ չափով: Երբ հասնում ենք իրավաբաններին աջակցելուն, մենք սահմանում ենք հաջողությունն անհատ իրավաբանների համար դրական փոփոխության հասնելու առումով: Մենք հասնում ենք դրական ազդեցության, երբ իրավաբանները զգում են, որ իրենց բարոյապես աջակցում են, երբ մենք հանդիսանում ենք ուժի աղբյուր կարիքի դեպքում կամ երբ նրանց անձնական իրավիճակը փոխվում է դրականորեն, օրինակ, նրանց ազատ են արձակում բանտից, ճամփորդական արգելքները հանվում են, հետ են կանչվում կարգապահական կամ քրեական վարույթները, և այլն… Եվ այն իրավաբանները, ում մենք աջակցել ենք, մեզ ասում են, որ մենք փոփոխություն ենք մտցնում: Օրինակ, մենք նամակ ենք ստացել Թուրքիայում հետապնդվող իրավաբաններից, ում դատավարությունները մենք մշտադիտարկում ենք. «Իմանալը և տեսնելը, որ դուք մեր կողքին էիք լսումների ժամանակ, ուժեղացրեց մեր հավատը դեպի օրենքը, արդարադատությունը և համերաշխությունը»:
Նույն կերպ մենք սովորել ենք իրավաբաններից, որ նամակագրական արշավները փոփոխություն են բերում, այդ թվում այն իրավաբանների համար, ովքեր գտնվում են բանտում: Մենք սա քննարկեցինք, օրինակ, Զիմբաբվեից մի իրավաբանի հետ, ում մենք օգնում էինք նամակագրական արշավների միջոցով: Չնայած որ նա ինքը չէր ստանում նամակները և բացիկները կալանավորված լինելու ընթացքում, նա դրա մասին իմացավ այն մարդկանցից, ովքեր նրան տեսակցում էին բանտում: Նա ասաց. «Իրավաբանի մասնագիտության մարդկանց շրջանում տարրական համերաշխությունը ծայրահեղ կարևոր է, և դա արժևորվում է ստացողների կողմից (…) դու քաջալերվում ես, երբ գիտես, որ քեզ հետևում են իրավաբանի մասնագիտությունն ունեցող այլ մարդիկ»: Ռուսաստանի Դաշնության մի իրավաբանից, ում սպառնում էր հեռացումը պրակտիկայից, մենք իմացանք, որ այն բանից հետո, երբ մենք և այլ կազմակերպություններ միջազգային ուշադրությունը հրավիրեցինք նրա գործի վրա նամակագրական արշավի շնորհիվ, նրա դեմ բողոքը հետ էր կանչվել:
-Աջակցությանն ուղղված ձեր գործողություններում Դուք ուղղակիորեն թիրախավորում եք պետական իշխանությունները, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինները կամ տվյալ երկրի ազգային դատական խորհուրդը՝ կապված տվյալ իրավաբանի իրավիճակի հետ:
-Ջ.Լ. Այո՛, իսկապես: Մենք նամակներ ենք գրում տվյալ իրավաբանի ծագման երկրի իշխանություններին, և երբեմն մենք նաև դիմում ենք իրավաբանների ազգային ասոցիացիային՝ կախված ձեռքի տակ եղած գործից: Մենք նաև հասնում ենք կառավարությանը, դատական մարմիններին կամ մարդու իրավունքների հանձնաժողովներին երկրների այցերի ընթացքում՝ որպես կարիքների գնահատման, փաստահավաք կամ դատավարությունների մշտադիտարկման առաքելությունների մի մաս:
-Դուք նշեցիք, որ որոշ իրավաբաններ բանտարկվում են շատ երկար ժամկետով՝ մինչև 20 տարի: Այս դեպքերում, երբ նրանց սպառնում է այսպիսի երկար ազատազրկում, ի՞նչ կարող է արվել գործի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար, որպեսզի իրավաբանը չմոռացվի:
-Ս.Գ. Մենք միշտ հավաստիանում ենք, որ իրավաբաններին ուշադրություն դարձնենք որոշակի օրերի, օրինակ՝ նրանց ձերբակալման կամ դատապարտման տարելիցներին, ինչպես նաև ծննդյան օրերին: Այդ օրերին մենք գործողություններ ենք սկսում սոցիալական ցանցերում՝ մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրելու համար այդ իրավաբանների վրա: Վերջերս մենք կազմակերպեցինք արշավ Վիետնամից մի իրավաբանի համար, ով երկարաժամկետ ազատազրկման է դատապարտված: Մենք նրան ուղարկեցինք նամակներ և բացիկներ ծննդյան օրվա կապակցությամբ, և կոչ արեցինք իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների մեր միջազգային ցանցին անել նույնը: Այս պահին մենք նաև աշխատում ենք մեկ կոնկրետ իրավաբանի համար ՄԱԿ-ի կամայական կալանքի աշխատանքային խումբ ուղարկվելիք հայցի վրա: Նախկինում մենք նույնն արել ենք այլ իրավաբանների համար: Սա մեկ այլ ձև է՝ միջազգային մակարդակով բանտարկված իրավաբանների իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի նրանց գործերը պահենք միջազգային հանրության օրակարգում՝ շարունակաբար օգտագործելով այս կոնկրետ ամսաթվերը և կոչ անելու նրանց ազատ արձակելու համար:
Լավ օրինակ կարող է լինել 2013 թվականի մի գործ Թուրքիայում: Այդ գործով ներգրավված էին մի խումբ իրավաբաններ, ովքեր մինչև դատավարության սկսելը կալանքի տակ էին եղել 500 օրից ավելի: L4L-ի նախաձեռնությամբ մի գովազդ տեղադրվեց երկու ազգային թուրքական թերթերում՝ երկարատև կալանքի և գործի առաջիկա լսումների վրա ուշադրություն սևեռելու համար: Գործողությունն իրականացվեց միջազգային իրավաբանական ասոցիացիաների և այլ միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին, որոնք բոլորը ներգրավված էին Թուրքիայում իրավաբանների դեմ դատավարությունների մշտադիտարկման մեջ: Գովազդներում շուրջ 25 միջազգային կազմակերպություն կոչ էր անում բաց թողնել այդ թուրք իրավաբաններին: Դրանից կարճ ժամանակ անց 46 իրավաբաններից շատերն իրոք բաց թողնվեցին կալանքից, այսպիսով՝ հույս ունենք, որ մեր ակցիան նպաստեց նրանց ազատմանը:
-Սովորաբար, ինչպե՞ս եք տեղեկանում այն իրավաբանների լուրջ գործերի մասին, ովքեր վտանգի մեջ են կամ իրենց երկրներում մասնագիտությամբ զբաղվելու առումով առնչվում են դժվարությունների: Արդյո՞ք Ձեզ հետ կապվում են այլ իրավաբաններ, Դուք առնչվու՞մ եք այդպիսի գործերի մամուլի՝ անկախ լրատվական կայքերի կամ հեռարձակող ընկերությունների մշտադիտարկման միջոցով, և այդպիսով Դուք կապվում եք նրանց հետ՝ նրանց գործերում աջակցություն առաջարկելու համար… Ինչպե՞ս է դա աշխատում:
-Ս.Գ. L4L-ը, որը հիմնադրվել է 1986 թ-ին, ունի ավելի քան 30 տարվա փորձ՝ շտապ աջակցության և օգնության տրամադրման մեջ այն իրավաբաններին, ովքեր վտանգի մեջ են գտնվում իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում: Մենք նաև ունենք իրավաբանների, իրավաբանների ասոցիացիաների և իրավապաշտպան կազմակերպությունների մեծ միջազգային ցանց, որոնք աջակցում են իրավաբաններին, և մենք միշտ ձգտում ենք հետագայում ևս կառուցել համագործակցություն և դաշինքներ շահագրգիռ կողմերի հետ՝ մեր ազդեցությունն ուժեղացնելու համար: Մեր իրավաբան կամավորները նաև մշտադիտարկում են որոշակի երկրներում կամ տարածաշրջաններում գործող իրավաբանների դրությունը: Որպես արդյունք, վտանգի տակ գտնվող իրավաբանների գործերի մասին մենք իմանում ենք տարբեր եղանակներով: Սովորաբար, մեզ հետ կապվում են հենց իրենք՝ իրավաբանները, իրենց գործընկերները կամ էլ ընտանիքի անդամները, իրավական ներկայացուցիչները, իրավաբանների տեղական կազմակերպությունները կամ միջազգային կազմակերպությունները: Մենք աշխատում ենք նրանցից շատերի հետ և կանոնավոր կերպով թարմացնում ենք միմյանց տեղեկատվությունը՝ գործերի հետ կապված, և միանում ենք նրանց խնդրագրերին կամ համատեղ հայտարարություններով, նամակներով ու հայցերով ենք հանդես գալիս: Գործերի մասին մենք նաև իմանում ենք ԶԼՄ-ներից և այլ կազմակերպությունների աշխատանքի միջոցով: Բոլոր դեպքերում մեր գործողությունները միշտ առաջնորդվում են վտանգի մեջ գտնվող իրավաբանների կամ էլ նրանց ներկայացուցիչների կողմից:
-Երբևէ աշխատո՞ւմ եք այս կամ այն երկրի լրագրողների հետ՝ ավելի շատ ուշադրություն սևեռելու համար այն վտանգի մեջ գտնվող իրավաբանի գործին, ում աջակցում եք:
-Ջ.Լ. Այո՛, չնայած որ մենք ֆորմալ առումով չենք համագործակցում լրագրողական կազմակերպությունների հետ: Մենք կանոնավոր կերպով հրավիրում ենք վտանգի մեջ գտնվող իրավաբաններին գալ Նիդեռլանդներ՝ ուշադրություն հրավիրելու համար այն բարդություններին, որոնց հետ նրանք առնչվում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, օրինակ, արտաքին գործերի նախարարության, պառլամենտի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով: Այդ այցերի ընթացքում մենք նաև կազմակերպում ենք հանդիպումներ մամուլի հետ կամ հրավիրում ենք լրագրողներին՝ հարցազրույցներ անցկացնելու տվյալ իրավաբանների հետ և տեղեկացնելու հանրությանը նրանց գործերի մասին: Մեկ այլ օրինակ վերաբերում է Թուրքիային: Թուրքիայի համար UPR-ի համատեքստում մենք կազմակերպեցինք կողմնակի միջոցառում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպությունում Թուրքիայից եկող իրավաբանների ու լրագրողների հետ, և լրագրողների ու իրավաբանների՝ միմյանց օգնելը շատ դրական մի բան էր: Մենք հավատում ենք, որ իրավաբանները և լրագրողները կարող են միմյանց ուժեղացնել, հատկապես այն համատեքստում, որտեղ նրանք երկուսն էլ հարձակման տակ են գտնվում: Լրագրողները կարող են շատ ուժեղ ձայն ունենալ՝ շեշտադրելով և նաև օգնելով բացատրել, թե ինչու է այդքան կարևոր, որ իրավաբանները, ինչպես նաև լրագրողները, պաշտպանված լինեն իրենց աշխատանքն իրականացնելիս, քանի որ հակառակ դեպքում արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքները և տեղեկատվության իրավունքը վտանգված են: Մենք երբեմն զգում ենք, որ հանրությունն իրականում չի հասկանում իրավաբանների դերը և երբեմն իրավաբանները լավագույնը չեն հասարակ լեզվով բացատրվելու հարցում: Մենք վստահաբար փնտրում ենք ուղիներ՝ լրագրողների հետ համագործակցությունը մեծացնելու համար:
«Մենք երբեմն զգում ենք, որ լայն հանրությունը իրականում չի հասկանում իրավաբանների դերը»:
-Վերջին երեք կամ հինգ տարիների ընթացքում միջազգայնորեն հայտնի շատ դեմքեր են մտահոգություն հայտնել քաղաքացիական հասարակության «կրճատվող տարածություն» և աշխարհի շատ երկրներում ժողովրդավարության անկման վերաբերյալ: Այս ֆոնի վրա ո՞րն է Ձեր կարծիքը իրավաբանների անկախության և նրանց իրավունքների պաշտպանությա ներկայիս իրավիճակի մասին:
-Ջ.Լ. Իրավաբանների և իրավական մասնագիտության անկախությունը՝ որպես ինստիտուտ, սերտորեն առնչվում է տվյալ երկրում իրավունքի գերակայության և ժողովրդավարության ընդհանուր իրավիճակի հետ: Շատ երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակության տարածքը կրճատվում է մամուլի ազատության հետ միասին, իրավաբանները գնալով ավելի շատ են բախվում արտաքին ճնշման և անպատշաճ միջամտության նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, հատկապես այն իրավաբանները, ովքեր մարդու իրավունքների համար են պայքարում կամ ներկայացնում են քաղաքականորեն զգայուն գործերով վստահորդների: Սրա վերաբերյալ Մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է մեկ ուրիշ բանաձև՝ կապված 2017-ին իրավաբանների անկախության հետ, սակայն նաև Եվրոպայի խորհուրդն է (ԵԽ) տագնապ հնչեցրել:
Ընդհանուր առմամբ, Եվրոպան դիտարկվում է որպես իրավունքի գերակայության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող տարածաշրջան, բայց նույնիսկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն է հայտնել իր մտահոգությունը 2017 թ. դեկտեմբերին այն առթիվ, որ իրավաբանների դեմ ոտնձգությունները, սպառնալիքները և հարձակումները շարունակում են տեղի ունենալ բազմաթիվ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում և անգամ աճում են որոշ երկրներում՝ ներառյալ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը: Փաստացի, ԵԽ-ն մի առաջարկ է կանչել՝ ընդունելու նոր կոնվենցիա իրավաբանի մասնագիտության վերաբերյալ, որը բաց կարող է ստորագրվել բոլոր երկրների և ոչ միայն ԵԽ անդամ երկրների կողմից: Այս զարգացումները նաև արտացոլված են «Իրավաբանները՝ իրավաբանների համար»-ի աշխատանքի մեջ. այն խնդրանքների և պահանջների ծավալը և բարդությունը, որոնք մենք ստանում ենք վտանգի մեջ գտնվող իրավաբաններից, զգալիորեն աճել են:
-Երբ գործ եք ունենում վտանգի մեջ գտնվող իրավաբանների գործերի հետ այնպիսի երկրներում, որտեղ մենք տեսնում ենք շատ հակաժողովրդավարական ռեժիմներ, ինչպես, օրինակ, Չինաստանում, ո՞րն է Ձեր մոտեցումը գործին:
-Ջ.Լ. Յուրաքանչյուր դեպքում իրավաբաններին աջակցելու մեր մոտեցումը կախված է տեղական համատեքստից, առնչվող իրավաբանների առանձին դեպքերից և նրանից, թե ինչն են նրանք համարում օգտակար իրենց դեպքում: Իրավաբանի ընտանիքը նույնպես կարող է կարևոր դեր խաղալ: Ինչ էլ որ մենք անենք, մենք միշտ վտանգի մեջ գտնվող իրավաբաններին դնելու ենք մեր աշխատանքի կենտրոնում և տրամադրելու ենք նրանց այնպիսի աջակցություն, որը կհամապատասխանի այն իրավաբանների արտահայտած կարիքներին, ում մասնագիտական երաշխիքները, անձեռնմխելիությունը և արտոնությունները խախտվում են: Սա անելիս մենք նաև կվերլուծենք, թե ինչու են իրավաբանները բախվում ճնշումների՝ առաջնորդվելով տեղական իրավաբանների և այլ շահակիցների կողմից, և կվերհանենք շոշափելի ազդեցության և տևական առաջընթացի հասնելու ամենաարդյունավետ ուղիները: Որոշ դեպքերում, օրինակ, մենք կարող ենք բաց նամակ գրել կառավարությանը և աշխարհով մեկ տարածել այն շահակիցների շրջանում և սոցիալական ցանցերում, մինչդեռ այլ դեպքերում մենք կարող ենք ընտրել այլ մոտեցում կուլիսների հետևում: Ի լրումն աջակցությանն անհատ իրավաբաններին՝ մենք նաև կփնտրենք կառուցվածքային աջակցություն տրամադրելու հնարավորություններ, օրինակ՝ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների մեջ ներգրավվելու միջոցով: Վերջերս, օրինակ, մենք նյութ ենք պատրաստել Չինաստանի Universal Periodic Review-ի համար: Այսպիսով, միշտ տեղ կա՝ որոշակի աջակցության համար:
Հարցազրույցը՝ Սիլվիա դե Բենիտոյի
Թարգմանեց Հայկուհի Ալավերդյանը