«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունը և նմուշները:
Հայրենիքի շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:
Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:
Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:
Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:
Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։
Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և պատվում են 999 հարգի ոսկով: