«Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքը սահմանում է hաշտարարության ժամկետները և ավարտը:
Հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև մեկ ամիս ժամկետով: Հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում հաշտարարի նշանակման օրը:
Հաշտարարության գործընթացն ավարտվում է՝
- կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիման վրա՝ հաշտարարություն նշանակած մարմնի կողմից որոշման կայացմամբ.
- հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնության կնքման դեպքում`
ա. ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարի հաստատմամբ կամ մերժմամբ,
բ. դատական քննության փուլում` այն հաշտարարություն նշանակած դատարանին ներկայացնելով:
Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է դիմել պրոբացիայի ծառայության ղեկավարին հաշտարարության գործընթացը դադարեցնելու միջնորդությամբ:
Հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնության մեջ կարող է նախատեսվել պրոբացիայի շահառուի կողմից տուժողին պատճառված վնասի հատուցման պարտականությունը, դրա ժամկետներն ու իրականացման կարգը:
Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել պրոբացիայի ծառայության ղեկավարին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:
Ստանալով հաշտարարի` վեճը հաշտարարությամբ լուծելու մասին պատշաճ ծանուցումը, պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, իսկ դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության դեպքում այն ներկայացնում է դատարան:
Դատարանը կամ պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, եթե հաշտության համաձայնությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնության մերժումը չի կարող արգելք հանդիսանալ կողմերի միջև հաշտարարության նոր գործընթաց սկսելու համար:
Հաշտարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: