Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի՝ արդարադատության նախարարն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցել Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ: Եթե Արդարադատության նախարարը հարուցել է կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:
Նշենք, որ եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Արդարադատության խորհրդի նիստին և իրավունք ունի հանդես գալու անձամբ կամ նախարարության պետական ծառայողի միջոցով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, 2012 թվականին Արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել 22 դատավորների: Նրանցից 4-ը կարգապահական պատասխանատվության են ենթարկվել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջնորդությամբ: Այդ դատավորներն են՝
Սուրեն Բաղդասարյանը: Նա 2000 թվականից աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Արդարադատության խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:
Վարդան Գրիգորյանը: Վերջինս 2006 թվականից աշխատում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Խորհուրդն արձանագրել է, որ Դատարանի կողմից 2011 թվականի օգոստոսի 11-ին դատավճիռ կայացնելու պահին Կ.Թադևոսյանի նկատմամբ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի չէր: Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Խորհուրդը եզրահանգել է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: Վարդան Գրիգորյանին հայտարարել են նախազգուշացում:
Վլադիմիր Գրիգորյանը: Նա 2009 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Խորհուրդը, քննարկելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, նշել է, որ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից և Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Սերոբ Մխիթարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելով, թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:Դդատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Գոհարիկ Խաչատրյանը 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ըստ Խորհրդի` Դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ պատշաճ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատված է համարել թույլատրելի ապացույցների բացակայությամբ, չի ապահովել գործի քննության ժամանակ գործող օրենսդրության պատշաճ իմացություն:
Արդարադատության խորհուրդը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել է նախազգուշացում:
Տեղեկացնենք, որ Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Ի դեպ, եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net