«էս ամբողջ գործը գլխիս սարքել են, ես անմեղ եմ…». ամբաստանյալ

Այսօր` նոյեմբերի 7-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց թիվ ՇԴ/0046/01/12 քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Տիգրան Մանուկյանի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

Տիգրան Խաչիկի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2012թ. հունվարի 1-ին ժամը 18.00-ին Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գյումրի-Արևիկ ճանապարհով ընթացող վազ 2105 մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում վազ 2105 ավտոմեքենայում գտնվող 19.11.2011թ. ծնված Կարապետ Մելքոնյանը և Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1932թ. ծնված Աշիկ Գրիգորյանը մահանում են:

 

Այսօր դատարանը ունկնդրելու էր պաշտպանական ճառը: Դատական նիստին ներկա էին մեղադրող` Ա. Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդները, վերջիններիս ներկայացուցիչները, ամբաստանյաը և վերջինիս շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

 

Պաշտպանն հանդես եկավ իր ճառով` բաղկացած 26 էջից, որում մասնավորապես նշվում էր, որ նախաքննության փուլը կատարվել է կեղծիքների հիման վրա` քննիչի կողմից դրսևորվելով կամայականությամբ, ինչպես նաև փորձագետի եզրակացությունը արժանահավատ չէ: Պաշտպանը հավելեց, որ սույն քրեական գործի նախաքննությունը, այդ թվում ապացույցները սույն գործով ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դրույթների կոպիտ խախտմամբ և չպետք է դրվեն դատավճռի հիմքում:

 

Մոտ մեկ ժամ ու կես տևած ճառում պաշտպանը հիմնավորված համարեց իր վստահորդի անմեղությունը և դատրանին միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ:

 

«էս ամբողջ գործը գլխիս սարքել են, ես անմեղ եմ…»,- իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալը` իրեն մեղավոր չճանաչելով և խնդրելով դատարանից արդարություն:
Դատավճիռն հրապարակելու համար դատական նիստ նշանակվեց նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ին:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել