«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ: Նշված ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:
Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաև հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:
Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված գույքի առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում: