ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
«Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել»,-նշում են դատախազությունից:
Նշենք, որ Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին հայտնել էր, որ Ռուսաստանը կմերժի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի:
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ: