Օրենքը սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնք կարող են երաշխիք տալ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Օրենքը սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնք կարող են երաշխիք տալ:

Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները:

Ի տարբերություն երաշխավորության, երաշխիքի դեպքում գրեթե միշտ երաշխիքի դիմաց պարտապանը՝ պրինցիպալը, վարձատրում է այն տված անձին: Երաշխավորության դեպքում, որպես կանոն, երաշխավորի պատասխանատվությունն ընդգրկում է պարտապանի պարտավորության ամբողջ ծավալը, ներառյալ՝ տոկոսները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտատիրոջ՝ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած այլ վնասները, իսկ ահա երաշխիքի դեպքում երաշխիք տված անձը պատասխանատվություն է կրում երաշխիքում նշված գումարի չափով: Ի տարբերություն երաշխավորության, երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին՝ պարտատիրոջը երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, չնայած երաշխիքով կարող է նախատեսվել նաև այլ իրավակարգավորում:

Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ: Մինչդեռ երաշխավորության դեպքում պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները՝ անկախ նման համաձայնության առկայությունից, պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելու փաստի ուժով: Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`

  • բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.
  • երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.
  • բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.
  • բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել