Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Դրանք են`
- Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
- Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
- Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
- Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:
ՀՀ Վճռաբեկ Դատարանը թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով 12.12.2007թ. իր նախադեպային որոշմամբ անդրադարձել է հետևյալ կարևոր հանգամանքներին`
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:
- ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք: Այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Այսինքն` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Հողային օրենսգրքով, որոնց համար վերոնշյալ վավերապայմանները կիրառելի չէ, իսկ այլ անձանց (ֆիզիկական, իրավաբանական) պատկանող հողամասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որոնց համար վերոնշյալ վավերապայմանները կիրառելի է: