Դատավոր Նորա Կարապետյանի և նրա ամուսնու գույքն ու եկամուտները

34-ամյա Նորա Կարապետյանը հուլիսի 26-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Մինչ այս նա եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և այս պաշոտնը ստանձնել է 2012 թվականին:  Իրավաբան.netը շարունակում է ներկայացնել երիտասարդ դատավորների գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացված հայտարարագրերի:

Այսպիսով, 34-ամյա դատավորը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է

  • ավտոմեքենա՝ VAZ 21036 մակնիշի,
  • 5.55 միլիոն դրամ և 5 505 հազար եվրո խնայողություն,
  • 5,58 միլիոն դրամ և 4741 եվրո եկամուտ: Դրանց մի մասը ստացվել են աշխատավարձից, մյուս մասի աղբյուրը հստակեցված չէ և նշվում է որպես «այլ երկամուտ»:  

Արդեն տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ 2012 թվականի սկզբին Նորա Կարապետյանի խնայողությունները եղել են 5 միլիոն  դրամ և 2064 եվրո, որոնք տարեվերջին աճել են՝ կազմելով 5 550 000 դրամ և 5 505 եվրո։

Այս տարվա ընթացքում նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից (864 866 + 696 360 + 610 018 դրամ ), նվիրատվությունից՝ 5 700 ԱՄՆ դոլար և «այլ եկամուտից»՝ 3431 եվրո:

2013 թվականի տարեվերջին նրա դրամական միջոցները աճել են՝ կազմելով  5,1 միլիոն դրամ, 7 700 եվրո և 5 200 դոլար։ Ի դեպ, նախորդ տարվա հայտարարագրում դատավորը խնայողությունների բաժնում չի նշել դոլարային խնայողությունը՝ 5 700 դոլարը, որը հավանաբար նվեր ստացված եկամուտից է առաջացել: Եվ այս տարվա վերջին այն դարձել է 5 200 դոլար: 

Եկամուտները, նշված տարում կազմել են 4.2 միլիոն դրամ, որից 630 830 դրամը և 3 526 875 դրամն աշխատանքի վարձատրությունն է, իսկ 50 000  դրամը՝ «այլ եկամուտ»: 

2014 թվականի հայտարարագրում խնայողությունների վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում նախորդ տարվա հայտարարագրի տվյալների հետ: Այսպես, եթե 2013-ի ավարտին նա ունեցել է 5. 1 միլիոն դրամ, 7 700 եվրո և 5200 դոլար, ապա անհասկանալի ձևով 2014-ի սկզբին եղել են 5.55 միլիոն դրամ և 5 505 եվրո: Իսկ տարեվերջին այդ խնայողությունները դարձել են 5.3 միլիո դրամ և 7400 եվրո։ 

Ի դեպ, անհետացել է նաև դոլարային խնայողությունը, հայտարարագրում չկա որևէ նշում, որը կհիմնավորի թե ինչ շարժ է ունեցել գումարը: Գումարի չհայտարարագրումը կամ վրիապկի հետևանք է կամ դատավորը փորձել է թաքցնել գույքը:

Նշված տարում եկամուտները կազմել են 8,8 միլիոն դրամ և 350 եվրո, որն ամբողջությամբ ստացվել է աշխատանքի վարձատրությունից։

2015 թվականին նա 3 միլիոն դրամով օտարել է  VOLKSWAGEN GOLF 2.0 մարդատար ավտոմեքենան: Նրա տարեկան եկամուտները բացի ավտոմեքենայի վաճառքից, ստացվել են  աշխատավարձից՝ 11 209 180 դրամ և  700 եվրո՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։

Ի դեպ, դատավորը VOLKSWAGEN GOLF-ը պաշտոնը ստանձնելու պահին և հետագայում չի հայտարարագրել: 

Այս տարվա վերջին նրա դրամական միջոցները աճել են՝ կազմելով 6 միլիոն դրամ և 7992 եվրո։ 

Եթե 2016 թվականի տարեվերջին դրամական միջոցները կազմել են 8 միլիոն դրամ և 3200 եվրո։ Եկամուտները կազմել են 8 միլիոն դրամ և 974 եվրո՝  ստացված աշխատանքի վարձատրությունից։

Տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2017 թվականին նրա դրամական միջոցները աճել են՝ կազմելով 9 միլիոն դրամ և 7000 եվրո։ Իսկ եկամուտը կազմել է 7,74 միլիոն և 4500 եվրո, որն ամբողջությամբ ստացվել է աշխատանքի վարձատրությունից։

Նորա Կարապետյանի ամուսինը՝ Սերգեյ Վարանցովյանն աշխատել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։

2012 թվականին Սերգեյ Վարանցովյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 15 միլիոն դրամ, իսկ տարեվերջին դարձել են 1405 միլիոն դրամ: Նրա եկամուտը ստացվել է միայն աշխատավարձից և կազմել է շուրջ 1,5 միլիոն դրամ: 

2013 թվականին  դատավորի ամուսնու խնայողությունները կազմել են 5 000 000 դրամ և 18 000 դոլար, իսկ եկամուտ չի ունեցել: 

2014 թվականի տարեվերջին խնայողությունները կազմել են 5 միլիոն դրամ և 17 000 դոլար։ Նա ունեցել է 323 583 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատանքի վարձատրությունից։

2015 թվականի ընթացքում դատավորի ամուսինը 6 000 ԱՄՆ դոլար է փոխառությամբ հանձնել: Այս տարում նրա խնայողությունները չեն նվազել, կազմել են 5,2 միլիոն դրամ և 17 հազար դոլար: Իսկ եկամուտն աճել է՝ որպես աշխատանքի դիմաց վարձրատրություն ստացել է շուրջ 5,5 միլիոն դրամ: 

2016 թվականի ընթացքում Սերգեյ Վորոնցովյանը 9 միլիոն դրամով TOYOTA CAMRY 2.4 մեքենա է ձեռքբերել և նույն տարում էլ օտարել է: Նրա խնայողությունները էապես չեն փոխել (նույնիսկ ավելացել են), իսկ աշխատավարձից ստացված 5,6 միլիոն դրամը պարզապես բավարար չէր կարող լինել մեքենա գնելու համար: Հետևաբար, այստեղ նույնպես անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե ինչ միջոցներով է դատավորի ամուսինը գույք գնել ու վաճառել ու վաճառքից ստացված գումարն էլ որպես եկամուտ հայտարարագրել: 

Այսպիսով, նրա խնայողությունները եղել 5.8 միլիոն դրամ և 17 000 դոլար, իսկ եկամուտները կազմել են 14.6 միլիոն դրամ, որից 9 միլիոնը ստացվել է մեքենայի օտարումից, իսկ 5,6միլիոնը՝ աշխատավարձից։

2017-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա խնայողությունները տարեվերջին դարձել են 6 միլիոն դրամ և 19 հազար դոլար, իսկ եկամուտը կազմել է շուրջ 4 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից: 

Շուշան Ստեփանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել