Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում

Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել`

1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով.

2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը.

3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:

Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում:

Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:

Վերը նշված բոլոր պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:

Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել