Նոտարական գործողությունների ժամանակ վկայի ներկայությունը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Կողմերի առաջարկով նոտարը նոտարական գործողություններն իրականացնում է վկայի (վկաների) մասնակցությամբ:
Վկան պետք է ներկա լինի նոտարի կողմից նոտարական վավերացման ենթակա փաստաթղթի ընթերցման, փաստաթղթի ստորագրման և նոտարի կողմից դրա վավերացման ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային նոտարական գաղտնիքի պահպանման անհրաժեշտության մասին մինչև նոտարական գործողության իրականացումը, որի մասին կատարվում է համապատասխան գրառում:
Որպես վկա կարող են հանդես գալ միայն լրիվ գործունակ անձինք:
Որպես վկա չեն կարող հանդես գալ`
1) նոտարը, նոտարական գործողություն իրականացնող այլ անձը, նրանց ամուսինները, նրանց կամ նրանց ամուսինների ծնողները, զավակները, եղբայրները, քույրերը, թոռները, պապը կամ տատը.
2) նոտարական գործողությանը մասնակցող թարգմանիչը.
3) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը.
4) անգրագետները կամ նոտարական վավերացման կամ հաստատման ենթակա փաստաթուղթը կարդալ չկարողացող այլ անձինք.
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ: