Առանձնապես ծանր հանցագործության համար ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն

ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքով կարգավորվում է  դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ:

ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝

  1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
  2. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
  3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
  4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
  5. Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
  6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:
  7. Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել