«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ծնողական փառքի մեդալի շնորհման առանձնահատկությունները:
Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:
Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում:
Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին:
Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։
Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։