Իրավաբան.net-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը, ով վերջես է դարձել Երևանի ավագանու անդամ՝ «Ելք» դաշինքից:
-Պարոն Ենգիբարյան, Երևանի ավագանու վերջին նիստում ելույթ ունենալիս, Դուք ավագանին բնութագրեցիք իբրև կառույց, որը «գերության» մեջ է ու կարևոր համարեցիք ավագանու անդամների հավասարության խնդիրը, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեիք:
-Երևանի ավագանու անդամների մեծամասնությունը ապաքաղաքական անձիք են՝ մշակութային գործիչներ, մտավորականներ, ձեռներեցներ։ Նրանք ավագանու կազմում հայտնվել են ՀՀԿ ցուցակով, սակայն մեծ հաշվով չեն ներկայացնում այդ կուսակցությունն ու դրա շահերը։ Լինելով այդ խմբակցության մեջ՝ ստիպված կատարում են գործող քաղաքապետի հրահանգները։ Հատկանշական է նաև, որ ավագանում գրեթե բացակայում է քաղաքական դեբատը։ Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետը ավագանու անդամներից մեկն է, նիստերը կայանում են բացարձակ անհավասարության մթնոլորտում, կարծես ոչ թե ավագանին է ընտրել քաղաքապետ, այլ ճիշտ հակառակը։
Այստեղ մեծ անելիք կա, քանի որ փաստացի պետությունը ստեղծել է ինստիտուտ, ծախսում է միջոցներ, բայց վերջինիս օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է պետության համար։
-Պարբերաբար լուրեր են հայտնվում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ, ապա քաղաքապետարանը հերքում է, ի՞նչ կասեք այս մասին։
-Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը պետք է արդեն հրաժարական տված լիներ, սակայն պաշտոնական հրաժարական դեռևս չի եղել։ Մյուս կողմից, չկա Տարոն Մարգարյանի հանրային ներկայությունը. իմ տեղեկություններով, նա նաև աշխատանքի չի գնում, ինչի հետևանքով քաղաքային կառավարման ստորաբաժանումները փաստացի հայտնվել են անգործության մեջ։ Սա չափազանց անպատասխանատու վարքագիծ է, քանի որ վատնվում են հարկատուների գումարները։ Կառավարման մեջ նման անոմիկ իրավիճակները ամենավտանգավորն են, պարունակում են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր ու խաթարում են աշխատակազմերի բնականոն գործունեությունը։
-Տարոն Մարգարյանը հրաժարականի դեպքում ի՞նչ եք պատրաստվում անել, ունե՞ք քաղաքապետի թեկնածու, «Ելք»-ը պատրաստ է կրել պատասխանատվություն։
-Ես կարծում եմ, որ մեր թիմակիցները ցույց են տվել, որ մեր քաղաքական թիմը պատասխանատվությունից խուսափել չգիտի։ Երբ մենք ասում էինք, որ պատրաստ ենք ստանձնել իշխանափոխության պատասխանատվություն, մենք ի նկատի ունեինք նաեւ տեղական մակարդակում։ Մյուս կողմից, մեր թիմը ունի բավարար մտավոր, մարդկային ռեսուրս՝ Երևանը ոչ միայն նույն մակարդակում պահելու, այլև զարգացնելու համար։ Իսկ Երևանը սովորական քաղաք չէ, սա նաեւ սկզբունքային քաղաքական հարց է։
-Ինչ ե՞ք կարծում, ինչ հրատապ խնդիրների լուծման է սպասում Երևանը։
-Գլխավոր եւ ամենահրատապ խնդիրը կարծում եմ Երևանի տրասպորտի հարցի լուծումն է: Սա, թերևս, մեր քաղաքի ամենամեծ խայտառակությունն է, բայց միևնույն ժամանակ հնարավոր է լուծել ամիսների ընթացքում։
Երկրորդ հարցը ունի ռազմավարական ու երկարաժամկետ նշանակություն. Երևանին անհրաժեշտ է երեք անգամ ավելի շատ կանաչապատ տարածքներ։ «Ելք»-ի ծրագրում մենք ունենք դրույթ, որով խոստանում ենք ստեղծել քաղաքային անտառ։ ԱՄՆ-ում եղած ընթացքում ես հանդիպումներ եմ ունեցել ազդեցիկ շրջանակների հետ, որոնց հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ քաղաքային անտառի ֆինանսավորման համար։ Սա, իդեպ, նաև անվտանգության խնդիր է՝ կապված հնարավոր ջրհեղեղների կանխարգելման, իհարկե նաև օդի մաքրության ու քաղաքացիների առողջության համար։
Երրորդ կարևորագույն հարցը սոցիալական համերաշխության խնդիրն է։ Երևանի ցանկացած բակ մտնելիս մենք դիտարկում ենք այդ համերաշխության իսպառ բացակայությունը։ Մեկ անձ կարող է իր կապերով ու հնարավորություններով զավթել տարածք ու դրա «զոհը» դարձնել հարյուրավոր այլ քաղաքացիների։ Սա անթույլատրելի է ու ունի արագ լուծման կարիք, այստեղ կարևոր է, թե կոռուպցիայի իսպառ վերացումը, թե գաղափարաքարոզչական աշխատանքը ու քաղաքացիների ներգրավումը խնդիրների լուծման մեջ։
Մյուս բոլոր հարցերը, ինչպես, օրինակ, համատիրությունների վիճակ, ենթակառուցվածքներ, աղբահանություն, պոլիկլինիկաներ, և այլն, ունեն արդյունավետ ու, ամենակարևորը, անշահախնդիր կառավարման կարիք։
Վերջում ցանկանում եմ նաև կարևորել Երևան քաղաքը՝ իբրև արտաքին քաղաքական դերակատարի։ Եվրոպական Միության անդամ ու այլ պետությունների խոշոր քաղաքների հետ արդյունավետ գործակցությունը կարող է դառնալ ներդրումների ներգրավման, փոխանակման ծրագրերի ու զարգացման քաղաքականության լուրջ միջոց. սա թերևս այն դաշտն է, որի մասով գրեթե ոչինչ չի արվել։