Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
Գործին մի քանի պատասխանողների մասնակցության դեպքում հեռակա դատաքննություն կարող է կիրառվել նախնական դատական նիստի մասին ծանուցված բոլոր պատասխանողների չներկայանալու և նրանց կողմից վերոնշյալ միջնորդությունները չներկայացնելու դեպքում:
Հայցի առարկայի և (կամ) հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում հեռակա դատաքննություն տվյալ դատական նիստում կիրառվել չի կարող:
Հեռակա դատաքննություն կիրառվել չի կարող, եթե դատարանը վարույթ է ընդունել պատասխանողի ներկայացրած հակընդդեմ հայցը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցը:
Իրազեկման աղբյուր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 292-րդ հոդված: