ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:
Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև վճռի կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:
Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը, ստանալով հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել վճիռը կայացրած դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: