Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե.
1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.
2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը։
Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները։
Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում։
Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով։
Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող առաջին ատյանի դատարան։
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդված։