Վարչապետը 3 փաստ նշեց՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար

Կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ու որոշում կայացնելը։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես գիտեք, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը, 1974 թ-ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար ու քանի որ հարցն ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ։ Իհարկե, մենք պիտի կայացնենք այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի շահերից և այդ որոշումը պետք է լինի գիտակցված և պատասխանատու»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը որոշում ընդունելու համար մի քանի փաստեր նշեց, որոնք չեն կարող հաշվի չառնվել․

Փաստ 1․ Պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում և միայն 20 տոկոսն շահառուներն են, որոնց համալրումը համակարգում սպասվում հուլիսի 1-ից հետո։

Փաստ 2․ Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ։

Փաստ 3․ Կուտակային ֆոնդերի կառավարումը ներկայացնում են աշխարհում հեղինակություն վայելող և ահռելի, և նույնիսկ Հայաստանի տարեկան համախառն ներքին արդյունքների կապիտալը տիրապետող ընկերություններ և ՀՀ-ում նրանց հետագա ճակատագիրը գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի։ Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, ռուսերեն՝ точка невозврата, և տվյալ խնդրի շուրջ որոշում կատարելիս, մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն կարճաժամկետ, այլև՝ երկարաժամկետ կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։

Փաշինյանն ամեն դեպքում ցանկացավ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բոլորի բացասական վերաբերմունքը կապված է եղել իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահության հետ։

«Համոզված եղեք, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ երբ այս և մյուս հարցերում մեր կայացնելիք միակ և միակ շարժառիթը քաղաքացիներին, նրանց այսօրվա և ապագային «դուխով» ծառայելն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել