Իրավաբան.net-ը հարգում է անձի մոռացվելու իրավունքը

Իրավաբան.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքը հայտարարում է, որ անձի մոռացվելու իրավունքը իրացնելու նպատակով կայքում հրապարկված որոշ տեղեկություններ խմբագրվելու են՝ անձի դիմումի հիման վրա:

Այս որոշումն ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կատարված միջազգային և տեղական օրենսդրության և դատաիրավական փորձի ուսումնասիրության արդյունքում:

Մոռացված լինելու իրավունքի էությունն այն է, որ անձանց վերաբերող որոշակի տեղեկությունների որոնումը դժվար կամ անհնարին է դարձվում՝  անգամ եթե այդ տեղեկությունները տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը:

Մոռացված լինելու իրավունքը արտացոլում է անհատի պահանջը՝ ինտերնետային տիրույթից հեռացնելու կամ երրորդ անձանց անհասանելի դարձնելու իրեն վերաբերող որոշ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը:  Այս իրավունքը  բնութագրվում է որպես կյանքի  անցյալը և չկատարվող  իրադարձությունները լռության մատնելու իրավունք։

Այսպիսով, հայտնում ենք, որ հանրային պաշտոն չզբաղեցրած և չզբաղեցնող, հանրային գործիչ չհամարվող անձիք կարող են դիմել Իրավաբան.net անկախ, մասնագիտացված կայքին՝ իրենց վերաբերյալ տեղեկությունները երրորդ անձանց անհասանելի դարձնելու խնդրանքով հետևյալ դեպքերում՝

  1. Եթե անձը կատարել է զանցանք, դելիկտ և իր վերաբերյալ դատական ակտի հրապարակվելուց անցել է առնվազն երկու տարի,
  2. Եթե անձը կատարել է  թեթև ծանրության հանցանք, իր դատվածությունը մարվել է և իր վերաբերյալ դատական ակտի հրապարակումից անցել է առնվազն երկու տարի,
  3. Եթե անձը ներկայացնում է փաստարկներ, որ իր մահացած հարազատի (եթե անձը չի եղել հանրային ճանաչում ունեցող և բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող) վերաբերյալ հրապարկված տեղեկությունըվիրավորում է  հանգուցյալի պատիվն ուարժանապատվությունը, միևնույն ժամանակ  հանրության համար մեծ կարևորություն չունի,
  4. Եթե անձը ներկայացնում է փաստարկներ, որ հրապարկված տեղեկությունը, որի հրապարակումը ժամանակին ծառայում էր որոշակի նպատակի, սակայն ներկայումս դադարել է ծառայել այդ նպատակին, միևնույն ժամանակ խոչընդոտներ է ստեղծում անձի հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանության համար:
  5. Եթե անձը ներկայացնում է փաստարկներ այն մասին, որ հրապարակված տեղեկությունը, որը ժամանակին իրավական հետևանքներ էր առաջացնում անձանց համար, դադարել է այդպիսի հետևանքներ առաջացնելուց, միևնույն ժամանակ խոչընդոտներ է ստեղծում անձի հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանության համար:

ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1165 (1998) բանաձևի 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրային գործիչներ են այն անձիք, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում կամ օգտագործում են պետական ռեսուրսներ և ավելի լայն իմաստով բոլոր նրանք, ովքեր դեր են խաղում հանրային կյանքում՝ լինի քաղաքականության, տնտեսության, արվեստի, սոցիալական, սպորտի կամ որևէ այլ բնագավառում:

Դիմումի բավարարման դեպքում կայքից կհեռացվեն անձի անունը, ազգանունը, կհեռացվեն կամ կփակվեն լուսանկարի/ների, տեսանյութի/ների այն հատվածները, որոնք կարող են տվյալ անձի նույնականացման հիմք լինել: Այս խմբագրումների դեպքում հրապարակումներում կլինի հետևյալ նշումը.

«Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել