Արման Մկրտումյանը հրաժարական է տվել

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Իրավաբան.net-ին հայտնեցին դատական դեպարտամենտից:

Իր հրաժարականի դիմում գրել է.

«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, մի շարք այլ օրենքների նախագծերի մշակում) և դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտների, դատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում և այլն) բարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման և իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:

Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին և գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել