ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նշված օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Ծանուցագիրը պետք է բովանդակի`
- դատարանի անվանումը.
- դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).
- նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
- նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
- նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
- նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
- գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:
Դատական ծանուցագիրը`
- ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
- հանձնվում է առձեռն.
- ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
Դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցն արձանագրության մեջ նշում է և ստորագրում:
Կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կողմերը կարող են դատարանին միջնորդել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Նշնած դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։ Սույն մասով նախատեսված ծանուցման կարգը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է ծանուցման փաստը կամ ծանուցման կարգի վերաբերյալ համաձայնությունը։
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգիրք 94-րդ հոդված: