«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն անփոփոխելի է:
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև յոթանասուն տարին լրանալը:
Իրազեկման աղբյուրը՝
- ՀՀ Սահմանադրություն 166-րդ հոդված
- «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական Օրենք 4-րդ և 8-րդ հոդվածներ: