Մարտի 29-ին կառավարության որոշմամբ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին անհատույց, սեփականության իրավունքով հատկացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով (1.5365 հեկտար):
Այս որոշումը քննարկումների առարկա դարձավ, քանի որ պետությունը հենց այս բնակարանն էր նրան հատկացվել՝ որպես ՀՀ նախագահ պաշտոնավարելու ընթացքում այնտեղ բնակվելու համար: Եվ սրա վերաբերյալ հարցեր ու մտահոգություններ հնչեցին խոհրդարանում՝ ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում էր որպես վարչապետի թեկնածու:
Այդ օրն իսկ նա ընտրվեց ՀՀ վարչապետ:
Ու թեև այդ օրը նա «հորդորեց» շնորհավորել իրեն՝ վերջապես Երևանում սեփական տուն ունենալու համար, սակայն օրեր անց պարզ դարձավ, որ ցանկություն ունի հրաժարվել հիշյալ առանձնատնից:
Ապրիլի 19-ին Սերժ Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ վարել է կառավարության նիստը: Եվ, ինչպես հաղորդել էին կառավարության աշխատակազմից, անդրադարձել է առանձնատան հարցին ու հայտնել.
«…ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար»:
Այս խոսքերից ենթադրվում է, որ կառավարության ապրիլի 26-ի նիստում պետք է կառավարությունը հիշյալ անշարժ գույքը Սերժ Սարգսյանից հետ վերցնելու որոշում ընդուներ կամ, առնվազն, օրակարգում դրա վերաբերյալ հարց լիներ:
Այսինքն, դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման ժամանակ հատկացված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է նրան:
Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնաթողությունից հետո սեփականության իրավունքով հատկացվել է պաշտպանության նախարարության ընդունելությունների տան շենքը, պարիսպը, Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքն ու օժանդակ շինությունները (բացառությամբ` պահակատան, հրաձգարանի (մի մասը` 100.9 քառ. մետր), ջերմոցի, ճաշարանի):
Իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հատկացվել է Խորհրդային Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախկին տունը՝ Հրազդանի կիրճում, Ծիծեռնակաբերդի 10 հասցեում:
Աստղիկ Կարապետյան