Պետական գրանցման համար գանձվում են՝
- անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար 25.000 ՀՀ դրամ.
- գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝ 2.000 ՀՀ դրամ.
- անշարժ գույքի օբյեկտի գրանցման դեպքում անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող ամբողջ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար` 25.000 ՀՀ դրամ.
- միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար ձեռք բերված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի նվիրատվության‚ առուվաճառքի պայմանագրի հիման վրա քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝ 2.000 ՀՀ դրամ.
- գրանցված իրավունքի դադարման պետական գրանցման համար՝ 1.000 ՀՀ դրամ.
- նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համար՝ 2.000 ՀՀ դրամ.
- անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի՝ 1.000 ՀՀ դրամ.
Պետական գրանցման ծառայության մատուցման համար գանձվող վճարների առանձնահատկություններն են`
- անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի գույքային իրավունքներ գրանցելու դեպքում, եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում է մեկ գրանցման վկայական, ապա գանձվում է պետական գրանցման մեկ` սույն օրենքով սահմանված առավելագույն բարձր վճար.
- գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դեպքում, եթե այն պայմանավորված է սեփականության կամ այլ իրավունքների դադարմամբ, իրավունքի դադարման պետական գրանցման վճար չի գանձվում:
Իրազեկման աղբյուրը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ Օրենք (հոդված 73):