Սահմանվել են զինծառայողների արձակուրդ մեկնելու և ծառայության վերադառնալու համար կատարված ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման՝ Հայաստանի տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու մասին:

Նախագծի հիմնարվորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամն օգտվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման իրավունքից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով, իսկ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, որի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Այս որոշման նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները, որի համաձայն փոխհատուցում տրվում է տարեկան մեկ անգամ, բացառությամբ լրացուցիչ արձակուրդների դեպքերի, քանի որ օրենքի համաձայն դրանք պայմանավորված են ծառայության բարձր ցուցանիշներով կամ ընտանեկան հանգամանքներով, նախատեսվել են փոխհատուցման տրման վերջնաժամկետը և չափերը, արձակուրդի վայրում գտնվելու հանգամանքի հիմնավորումները և դրանց բացակայության դեպքում տրված փոխհատուցման հետ վերադարձման պարտավորությունը: Օրենքի պահանջների համաձայն սահմանվել է նաև, որ զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Այսպիսով, նշված կարգի համաձայն արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալու համար զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զինծառայողին արձակուրդ տալու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա և ոչ ուշ, քան զինծառայողի՝ արձակուրդի անցկացման վայր մեկնելու օրը: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստանալու համար զինծառայողն արձակուրդ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) անունով ներկայացնում է զեկուցագիր՝ դրանում նշելով արձակուրդի անցկացման վայրը և իրեն ուղեկցող ընտանիքի անդամների քանակը:

Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի, ինչպես նաև զինծառայողին ուղեկցող ընտանիքի անդամի տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով`

  • մինչև 30 կմ մեկնելու և վերադառնալու համար` 600 դրամ,
  • 30-60 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1000 դրամ,
  • 60-100 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1200 դրամ,
  • 100-150 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2000 դրամ,
  • 150-200 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2400 դրամ,
  • 200-250 կմ մեկնելու և վերադառնալու համար` 3000 դրամ,
  • 250-300 կմ մեկնելու և վերադառնալու համար` 6000 դրամ,
  • 300-350 կմ մեկնելու և վերադառնալու համար` 8000 դրամ,
  • 350 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել