Գողություն, կողուպուտ, ավազակություն. փաստաբանը ներկայացնում է հանրային վտանգավորությամբ առանձնացող հանցագործությունների տարբերությունները

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում իրենց լայն տարածվածությամբ և հանրային վտանգավորությամբ առանձնանում են գողությունը, կողոպուտը և ավազակությունը: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների (2016, 2017) ՝ այս հանցագործությունները ողջ հանրապետության տարածքում ամենատարածվածներից են, սակայն հասարակության մեջ ոչ բոլորն են տարբերում սրանք միմյանցից։  Այս թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։

Պարոն  Ղազարյան, շատ հաճախ ավազակություն, գողություն և կողոպուտ եզրույթները նույնացվում են հասարակության կողմից և ընկալվում որպես մի հանցագործություն։ Ի՞նչ եք կարծում՝ որն է պատճառը։

–Իրավակիրառ պրակտիկայում շատ հաճախ վիճահարույց է լինում դրանք միմյանցից տարանջատելը՝ հաշվի առնելով օրենսդրական ձևակերպումները, ինչպես նաև վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նախ փորձենք տարանջատել սրանք: Գողությունը, ինչպես գիտենք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Ընդգծենք, որ զգալի չափը, ի տարբերություն սեփականության դեմ ուղղված մյուս հանցագործությունների, 5.000 -500.000 ՀՀ դրամն է, իսկ մյուս դեպքերում՝ 30.000-500.000 ՀՀ դրամը:

Ի տարբերություն գողության հանցակազմի՝ կողոպուտը ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է: Այս դեպքում հիմնական տարբերակիչ հատկանիշը հափշտակության բացահայտ լինելն է: Բացահայտ հափշտակություն ասելով անհրաժեշտ է հասկանալ այն իրավիճակը, երբ հափշտակության գործընթացում կան ականատես անձիք և նրանք ընկալում են, որ տեղի է ունենում հափշտակություն: Օրինակ, անձի արարքը կլինի գողություն նաև այն դեպքում, երբ չնայած նրա կողմից հեռուստացույց հափշտակելը տեսել են այլ անձինք, սակայն մտածել են, որ վերջինս պարզապես տեղափոխում է իր սեփականը:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ, ի տարբերություն գողության, որի դեպքում արարքը հանցագործություն կլինի, եթե գողոնի արժեքը գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա կողոպուտի առարկայի համար նվազագույն արժեք սահմանված չէ: Այլ կերպ ասած, արարքը կողոպուտ է նաև այն դեպքում, երբ հափշտակվող առարկայի արժեքը պակաս է 5.000 ՀՀ դրամից:

Պարո՛ն Ղազարյան, քրեական օրենսգրքում (175-րդ հոդված) նաև սահմանված է, թե ինչ է ավազակությունը։  Չնայած սահմանմանը՝ մարդկանց մոտ հարցեր են առաջանում կապված դրա ոչ հասկանալի լինելու հետ։ Կմանրամասնե՞ք, թե ինչ է ավազակությունը։

–Այն սեփականության դեմ ուղղված առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունն է: Ավազակությունը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով կատարված հարձակումն է, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքով:

Ի տարբերություն գողության և կողոպուտի՝ ավազակությունը ավարտված է համարվում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով կատարված հարձակման պահից՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք հանցավորին հաջողվել է հափշտակել որևէ առարկա, թե՝ ոչ:

Քննարկված հանցագործություններից առավել բարձր հանրային վտանգավորություն ունի ավազակությունը, քանի որ այն անմիջականորեն կարող է վտանգել ենթադրյալ տուժողի կյանքը և/կամ առողջությունը: Ի տարբերություն դրա՝ գողությունն ուղղված է միայն մեկ այլ անձի սեփականության դեմ:

Պրակտիկայում որոշակի դժվարություններ է առաջացնում ավազակության և կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտի տարանջատումը:  Կարծես թե սրանք նույն իմաստն են արտահայտում։ Այս դեպքում ինչպե՞ս տարբերակել այս հասկացությունները։

–Նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև վճռաբեկ դատարանը: Տարանջատման հիմքում պետք է դնել այն, որ, ի տարբերություն կողոպուտի, ավազակության դեպքում գործադրված բռնությունը կամ դրա գործադրման սպառնալիքը վտանգավոր է կյանքի կամ առողջության համար:

Պարոն Ղազարյան, նկատել եմ, որ լինում են դեպքեր, երբ անձի գործողությունների հետևանքով մի հանցագործությունը վերաճում է ու վերածվում մեկ այլ հանցագործության։

–Այո, կան այնպիսի դեպքեր, օրինակ, երբ անձը գողություն կատարելու նպատակով մուտք է գործում բնակարան,  և, իր ունեցած տվյալների համաձայն, բնակիչները պետք է տանը չլինեին: Սակայն բնակարան մուտք գործելուց հետո նրանք վերադառնում են տուն, տեսնելով իրենց տուն մտած անձին, փորձում են կանխել, սակայն գողության նպատակով տուն մտած անձը իր գրպանից հանում է զենքը և պարզում բնակիչների ուղղությամբ՝ սպառնալով նրանց սպանել, եթե իրեն չտան տանը եղած ոսկեղենը և գումարը: Այս իրավիճակում ակնհայտ է, որ գողությունը վերաճել է ավազակության:

Իսկ ինչ իրավունքներ ունեն ու ի՞նչ պիտի անեն այն անձիք, ովքեր գողության, կողոպուտի, ավազակության զոհ են դարձել:

–Հափշտակության զոհ դարձած անձիք՝ տուժողները, իրենց պատճառված վնասի հատուցման նպատակով կարող են քաղաքացիական հայց ներկայացնել քրեական դատավարության կարգով, ինչպես նաև առանձին, քաղաքացիական դատավարության կարգով կարող են հայցադիմում ներկայացնել իրենց վնաս պատճառած անձի դեմ: Ընդգծենք, որ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա են միայն տուժողներին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչպես է հնարավոր նվազեցնել գողությունների, կողոպուտների ու ավազակությունների քանակը։

–Հափշտակությունների զոհ դառնալու հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես, խուսափել գիշերային ժամերին ոչ մարդաշատ տարածքներում երկար ժամանակ գտնվելուց, ընտանիքի բոլոր անդամներով արտերկիր հանգստանալու նպատակով մեկնելուց առաջ, բանկային գործարքներ կատարելուց առաջ և հետո այդ մասին չտեղեկացել ոչ մտերիմ մարդկանց:

– Կատարված հանցագործությունները, ինչպես արդեն նշվեց, սահմանվում են ՀՀ քրեական օրենսգրքով։ Ձեր կարծիքով օրենսգրքում կա՞ն այս հարցերի վերաբերյալ բացթողումներ, և եթե այո, ապա որոնք են դրանք։

– Իհարկե։ Գտնում եմ, որ քրեական օրենսգրքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները սահմանող իրավանորմերում անհրաժեշտ է վերանայել զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը ներառող դրամական միջոցների սահմանները և համապատասխանեցնել ներկա պայմաններում կենսամակարդակին: Բացի դրանից, գտնում ենք, որ նշված հանցագործությունների համար սահմանված սանկացիաներ սահմանելիս անհրաժեշտ է ոչ թե անձին անազատության մեջ պահելը, այլ որոշակի ֆինանսական պարտականություն սահմանել, որը, պայմանավորված սույն հանցագործությունների շահադիտական բնույթով, առավել արդյունավետ կապահովեն պատժի նպատակների իրականացումը:

Հարցազրույցը՝ Մայա Ավետիսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել