ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունը կարող է հետ ստանալ իր կողմից տուժողին վճարված ապահովագրական հատուցումը
- վնաս պատճառած անձից` վարորդից, եթե` ա) նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո, բ) նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց, գ) նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ զրկված է եղել այդպիսի իրավունքից, դ) ապահովագրական ընկերությանը չի տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով,
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջից (ապահովադրից), եթե՝ ա) ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում, բ) ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով, գ)ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք, դ) ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ (օրինակ` վարորդների ցանկ, վարորդների տվյալներ, ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայր, շահագործման նպատակ, ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում արտացոլված տեղեկություններ), եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը,
- պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջից, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը,
- ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպությունից, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով,
- մեղավոր վարորդից և ավտոմեքենայի սեփականատիրոջից բացի այլ անձանցից, որոնք մեղավոր են տեղի ունեցած պատահարի համար:
Իրազեկման աղբյուրը՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված, 24-րդ հոդված։