Ի՞նչ վտանգների մասին են զգուշացնում քաղաքացիներին՝ ԱԻՆ ազդարարման ազդանշանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:

Ազդարարման ազդանշանների տեսակներն են`
1) «Օդային տագնապ». 
2) «ՈՒշադրություն բոլորին»:

Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:

Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.

2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.

2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել