Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը ոտնահարվում է

Արև Մելքոնյանը հինգ տարի առաջ է ավարտել  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Անվասայլակով տեղաշարժվող Արևի համար բավականին դժվար է եղել կրթության իրավունքի իրացումը։      

Ամբողջ կյանքում երազել է ստանալ կրթություն այնպիսի պայմաններում, որտեղ ամեն ինչ հարմարեցված և մատչելի կլինի իրեն: Մինչդեռ թե դպրոցում, թե բուհում  հաճախ է բացակայել՝ ուսհաստատություններում համապատասխան հարմարություններ չլինելու պատճառով․                                         

«Երբ դասերը բարձր հարկերում էին արվում, ես հնարավորություն չէի ունենում մասնակցել, քանի որ վերելակ չկար, կամ եթե կար, չէր կանգնում տվյալ հարկերում, ինչի հետևանքով  բացակայում էի դասերից, իսկ քննություն տալու ժամանակ դասախոսի բարի կամքի հույսին էի մնում, իսկ ես համալսարան մտել էի բոլորի պես, իմ ուժերով լիարժեք կրթություն ստանալու համար»։

Ուսումնական հաստատություններում սակայն իրավիճակը էապես չի փոխվել։

Իծնե հենաշարժողական խնդիրներ ունեցող Նարե Ալավերդյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող է։ Բուհում իր նման խնդիրներ ունեցող անձանց համար կրթություն ստանալը բարդ է․ «Թեքահարթակներ չկան, աստիճանները շատ են, սալիկները սայթաքելու մեծ վտանգ են պարունակում, սանհանգույցը ևս հարմար չէ»,-  Իրավաբան.net-ի զրույցում  Նարեն հավելում է, որ անձրևային եղանակին վիճակը ուղղակի աննկարագրելի  է: Եղել են դեպքեր, որ հենակներով տեղաշարժվող աղջիկը վայր է ընկել։  

Ներկայումս երկու աղջիկներն էլ ակտիվ զբաղվում են հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կրթության իրավունք․ ամրագրված է Սահմանադրության 38-րդ հոդվածով։ Սահմանադրական այս իրավունքի ապահովումը ենթադրում է հետագայում ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, սոցիալական դիրք ու ապահովվածություն։

Հաշմանադամություն ունեցող անձանց կրթության իրավունքը հարվածի տակ լինելու հետևանքով, կարող ենք ասել, որ հարվածի տակ է դրվում նաև նրանց ապագան։

Ներկայումս Ազգային ժողովին է ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը։ Մինչ ԱԺ ուղարկվելը այն չի քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ․ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿի համակարգող  Մուշեղ Հովսեփյանը։

Նրա խոսքով, մինչ այս էլ իրենց կողմից ներկայացված կարևոր մի շարք առաջարկություններ, որոնք ֆինանսական ծախսերի չեն պահանջում և  կընդլայնեն հաշմանադամություն ունեցող անձանց հնարավորությունները, չեն ներառվել օրինագծում, օրինակ, «խելացի հարմարեցումների մոդելի» ներդրումը․

«Օրինակ, որպեսզի դիաբետ ունեցող ուսանողը ազատորեն կարողանա օգտվել կրթություն ստանալու իր իրավունքից, հնարավոր է նա կարիք ունենա ավելի հաճախ ընդմիջումներ ունենալու կամ  դասի ընթացքում սնվելու»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը:

Հստակեցված չեն նաև լիարժեք կրթություն ստանալու միջոցները․շատ դասախոսներ արգելում են ձայնագրել դասը՝ հաշվի առնելով իրենց մտավոր սեփականության իրավունքը․ «Խելացի հարմարեցումների մոդելի դեպքում, բացառություններ են արվում, և, օրինակ, տեսողական խնդիր ունեցող կամ գրել չկարողացող մարդուն հնարավորություն է տրվում ձայնագրել»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը։                                                                                                                                                        

Մնում է հուսալ, որ Ազգային ժողովում կբարձրացվեն վերոնշյալ հարցերը։

Նելլի Թառփոշյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել