«Իգլա»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ հետախուզման մեջ գտնված Ռոբերտ Աղվանյանին այսօր՝ դեկտեմբերի 27-ին Վրաստանից Հայաստան տեղափոխվելուց հետո կսկսվի նախաքննություն, և եթե պարզվի, որ նրա արարքներում հանցակազմ կա, ապա դրանից հետո այդ մասով գործը կմտնի դատարան:
Փաստաբանի խոսքով՝ առերեսում է արդեն տեղի ունեցել Սամվել Բաբայանի և Ռոբերտ Աղվանյանի միջև, սակայն Բաբայանը նրան չի ճանաչել. «Սանասար Գաբրիելյանը ևս նրան չի ճանաչել»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: