Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։ Դասընթացը ՔՀԿ-երի կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիր է, որն անց է կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝ 5 գործընկեր կազմակերպության հետ։
«Ներկայումս հայաստանյան ՔՀԿ-ները ինքնաբավ են գիտելիքներ ստանալու հարցում․ մենք ինքներս սեմինարներ ենք կազմակերպում, փորձի փոխանակում կատարում։ Այսօր սակայն Եվրամիության ֆինանասավորման արդյունքում բուհական կրթական ծրագիր է իրականացվում ՔՀԿ-ների համար, ինչը բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար»,- ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Կրթական ծրագրի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան կայուն և արդյունավետ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում, և իրենց ձայնը մեծ դեր կունենա հանրության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործընթացում․«Եթե ՔՀԿ -ն ցանկանում է իր ազդեցությունն ունենալ կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա, ապա պետք է առնվազն ունենա փորձագիտական լուրջ կարողություններ»,- ասաց Կարեն Զադոյանը։
«Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո»,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։
Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր: