Կարևոր է, որպեսզի ՀՀ-ԵՄ նոր համապարփակ և ընդլայնված գործակցակցության համաձայնագրում տեղ գտած դրույթները իրականություն դառնան, և մեր քաղաքացիները զգան համաձայնագրի բերած փոփոխությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստան – ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Խորհրդարանական լսումները համատեղ կազմակերպել էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:
Բանախոսը հատկապես կարևորեց այս գործընթացում կառավարության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, ինչը լայն հնարավորություններ է բացում ինչպես քաղհասարակության կազմակերպությունների, այնպես էլ իշխանությունների համար:
«Երկխոսության կառուցման մեջ կարող եմ առանձնացնել մի քանի ասպեկտ: Առաջինը՝ ընդհանուր ինֆորմացիայի փոխանակումն է, երկրորդ՝ որոշումների ընդունման գործընթացին մասնակցությունը, և երրորդ՝ մոնիթորինգային մասնակցությունը՝ հանրային քաղաքականությունների և հանրային բյուջեների նկատմամբ»,-ասաց Կարեն Զադոյանը:
Արդյունավետ երկխոսության օրինակ Կարեն Զադոյանը ներկայացրեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որի շնորհիվ հաջողվեց մոբիլիզացնել քաղհասարակության կազմակերպությունների ներուժը և կառավարության հետ երկխոսության արդյունքում հնարավոր դարձավ երկրում մի շարք կարևորագույն բարեփոխումներ իրականացնել․
«Այդ ծրագիրը հակակոռուպցիոն բնույթ ուներ և այն տվեց իր արդյունքը, օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ, հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, ազդարարի ինստիտուտի ստեղծումը և իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ներդրում՝ պետական գնումների ինստիտուտում»,- նշեց Կ․ Զադոյանը։
Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև ներկայումս Եվրամիության ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի գլխավոր նպատակը հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների ձայնը լսելւի դարձնելն է հանրային քաղաքականությունների մշակման հարցերում՝ նրանց կարողությունները զարգացնելու միջոցով։
Ծրագրի շրջանակում ընտրված 9 թիրախային ոլորտում ՔՀԿ-ների ներուժի մոբիլիզացման միջոցով և կառավարության հետ համագործակցությամբ նկատելի արդյունքներ ունենալն է։
«Վստահ եմ, որ այս համաձայնագիրը մեզ լայն հնարավորություններ է տալու տարբեր ոլորտներում ներկայացված հաջողության փորձը ներդնելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համաձայնագիրը կյանքի կոչվի և մեր քաղաքացիների համար իրական փոփոխություններ բերի: Թղթի վրա գրվածը մի բան է, իսկ քաղաքացիների կողմից այդ փոփոխությունները զգալը մեկ այլ բան»,-նշեց նա:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: