Փորձում են որոշ փաստաբանների թույլ չտալ ներս մտնել, որովհետև իրենք կարող են բացահայտել իրականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Նինա Կարապետյանը, ով «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստին ներս չթողեցին նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվեց կարգադրիչների կողմից զննության ենթարկվել։
Նրա խոսքով՝ ինքը երբևէ չի հրաժարվել զննությունից, բայց երբ սկսել են ապօրինի պահանջներ ներկայացնել, պահանջել են բացել պայուսակը նա հրաժարվել է:
«Ես պարզապես ասացի, որ իմ պայուսակում ոչ մի արգելված իր չկա, անգամ եթե ես ցուցակի հետ համաձայն չեմ: Նշեցի, որ բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժանելի մասն են, դրանք հնարավոր չէ ինձանից ազատել: Բայց եթե իրենք տարբերակ ունեն բակտերիաները թողելու դարակում, ապա ես պատրաստ եմ թողնել», -ասաց փաստաբանը:
Նինա Կարապետյանցը նշեց, որ հասկանում է, որ փորձել են առավելագույնս մանրամասն ցուցակ ներկայացնել, որպեսզի փաստաբանների հետ բանավեճեր չլինեն, բայց չի հասկանում, թե որն է նրան ներս չթողելու պատճառը այս երեք ամիսների ընթացքում:
Փաստաբանը նաև մտավախություն ունի, որ դատարանների նախագահների խորհրդի կողմից հրապարակված արգելված իրերի ցուցակը, որում նշված են, թե ինչ չի կարելի բերել դատական նիստին, կխանգարի իրենց մասնագիտական աշխատանքին, քանի որ չի բացառվում, որ փաստաբանը դատարան բերի այնպիսի իր կամ այնպիսի ապացույց, որը նախօրոք չի քննարկվել դատարանում:
Իրավաբան.net