«Կառուցողական երկխոսության հանձնառություն» և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրերը միմյանց փոխլրացնում են

Եվրոպական միության կողմից Հայաստանում ֆինանսավորվող երկու խոշոր՝ «Կառողական երկխոսության հանձնառություն» և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրերը միմյանց փոխլրացնում են։ Համոզված է «ՔՀ կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը։

Նրա փոխանցմամբ հասարակական կազմակերպությունների զարգացամ համար հարկավոր է համապարփակ մոտեցում ցուցաբերել երեք ուղղություններով․ «Մեկը կազմակերպության ընդհանուր արդյունավետ կառավարման հմտություններն են՝ ֆինանսական, մարդկային ռեսուրսների, հաղորդակցության կառավարում և այլն, երկրորդ կտորը կազմակերպությունների հանրային կապերն եմ, որը ենթադրում է հասարակության մոբիլիզացիա ինչպես կամավորների, այնպես էլ շահագրգիռ հանրային սեկտորում պետական կառավարման մարմնի հետ արդյունավետ ներկայացման հարցում, երրորդ դաշտը՝ ծառայությունների որակյալ ու նպատակային կառավարումն է»,- նշեց պարոն Ստեփանյանը՝ հավելելով, որ այս հարցում Եվրոպական միությունը մեծ ազդեցություն ունի․ «Մեր պարագայում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան և գործընկերները փորձում են աջակցել կազմակերպությունների հանրային կապերն ու պետության հետ երկխոսության մեխանիզմների զարգացմանը, իսկ «ՔՀ կամուրջ» ծրագրի դերն է՝ որակյալ ծառայությունների ապահովման մոտեցումները՝ ներառյալ սփյուռքի գործընկերների միջոցով։ Այս երկու գործոններն միասին կարևոր են։ Երբ դու երկխոսության ես դուրս գալիս պետական կառավարման մարմինների հետ, որպեսզի լինես վստահելի ու գործուն կազմակերպություն, պետք է կարողանաս տրամադրել արդյունավետ, լավ որակի ծառայություններ, լինել վստահելի կազմակերպություն։ Հենց այստեղ է, որ այս երկու ծրագրերն իրար փոխլրացնում են ու կարողանում են ապահովել հնարավորինս արդյունք»,- նշեց «ՔՀ կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը։

Երկու կազմակերպությունների համագործակցության շրջանակներում այսօր՝ հուլիսի 19-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի գրասենյակում տեղի ունեցավ «Հասարական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացը։ Այս դասընթացներն իրականացվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Բանախոսը ԻՀԱ ղեկավար Կարեն Զադոյանն է։

Կարեն Զադոյանը դասընթացը սկսեց ՀԿ-ների ստեղծման վերաբերյալ նոր կարգավորումներից, անդրադարձավ կառավարման մարմիններին և կանոնադրության մշակման հարցերին, խոսեց անմիջական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, խնդիրներից և մարտահրավերներից։

«ՀԿ-ների մասին» օրենքում նորույթ են կազմակերպությունների կողմից անմիջական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրույթները, նախկինում կազմակերպություններն այդ կարիքները բավարարում էին տնտեսական կազմակերպություներ ստեղծելու կամ դրանց մասնակցության միջոցով։ Կարեն Զադոյանը դասընացի մասնակիցներին հայտնեց, որ ներկայումս անմիջական կերպով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դաշտը պրակտիկ կերպով կարգավորված չէ․ «Փոքր հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն ոչ ավելի քան 58 մլն 350 հազար դրամ շրջանառություն, կարող են առանց մտահոգվելու զբաղվել անմիջական ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն որոշակի ռիսկեր կարող են առաջանալ խոշոր հասարակական կազմակերպությունների համար»,- նշեց բանախոսը։

Նա անդրադարձավ ՀԿ-ների հաշվետվողականության հանգամանքին՝ տեղեկացնելով, որ հանրային միջոցներով կատարված ֆինանսական օժանդակությունների պարագայում ՀԿ-ները պարտավորված են լինելու հաշվետվություն ներկայացնել պետությանը․ «Օրինակ՝ որևէ կազմակերպություն հանրային միջոցներ է օգտագործել ու սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվություն չի ներկայացրել, տվյալ պարագայում պետական լիազոր մարմինը՝ ներկայումս Պետական եկամուտների կոմիտեն ՀԿ-ին տեղեկացնելու է այդ խախտման մասին և ողջամիտ ժամկետ է առաջարկելու խախտումը վերացնելու` այն է տվյալ հաշվետվության ներկայացման համար, եթե հասարակական կազմակերպությունը չի վերացնի խախտումը և չի ներկայացնի հաշվետվությունը, ապա այդ դեպքում ՊԵԿ-ն իրավասու է ՀԿ-ի գործունեության կասեցման պահանջով հայց ներկայացնել դատարան, այսինքն` պետական լիազոր մարմինը լուրջ վերահսկողական մեխանիզմներ ունի»,- հայտնեց պարոն Զադոյանը:

ԻՀԱ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ նոր օրենքի լույսի ներքո Հայաստանում գործող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների կանոնադրություները հակասում են իրավական ակտին, ուստի կազմակերպությունները ստիպված են լինելու փոխել սեփական կանոնադրությունները։ Վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 4-ն է։

Այս հարցում ՀԿ-ներին անվճար օժանդակություն կցուցաբերի Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի արդյունավետության և հասարակական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրների մասին զրուցել ենք նաև հանդիպմանը ներկա ՀԿ անդամների հետ։

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել